ԱՄՆ պետդեպի խոսնակն անպատասխան է թողել Քիրքուքի մասին քուրդ լրագրողի հարցը

13:42 • 08.11.17

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն անպատասխան է թողել քրդական Kurdistan24 հեռուստաալիքի լրագրողի՝ իրաքյան Քիրքուքում տեղի ունեցած ռազմական գործողության մասին հարցը, այս մասին հաղորդում է nerinaazad.info կայքը:

Քուրդ լրագրողը խնդրել է Նոյերթին մեկնաբանել տեղեկությունը, ըստ որի Իրաքի բանակն ու շիական «Հաշդի Շաբի» խմբավորումը քրդական ուժերի վրա գրոհել են ամերիկյան զենքով: Պատասխան լրագրողն այդպես էլ չի ստացել, փոխարենը Պետդեպի խոսնակը նշել է, որ Բաղդադի և Էրբիլի միջև բանակցություններում որոշակի դրական տեղաշարժ է նկատվում:

Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Մասուդ Բարզանին ասել էր, որ շիական «Հաշդի Շաբի» խմբավորումն ու իրաքյան բանակը քրդերի վրա հարձակվել են հենց ամերիկյան զենքով:

«Նրանց աչքի առաջ և նրանց իսկ զենքով Իրաքի բանակն ու «Հաշդի Շաբի»-ն հարձակվեցին մեզ վրա, սակայն ԱՄՆ-ն ինչո՞ւ ձայն չհանեց: Այս հարցերը պետք է բարձրացվեն, քանի որ նրանց զենքով է մեր «փեշմերգան» նահատակվել», - հայտարարել էր նա։

Քրդստանի նախկին առաջնորդը նաև պատմել է, որ իրաքցի քրդերի հույսը, հավատն ու սերն ԱՄՆ-ի հանդեպ շատ է նվազել և շարունակում է օր օրի նվազել:

Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից: