ՏԻՄ ընտրություններից հետո դպրոցի փոխտնօրենը վիրավորել է աշխատակցին, փորձել հարվածել, հակառակ կողմը հերքում է միջադեպը
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններն անհետևանք չեն մնացել: Tert.am-ի հետ զրույցում Վարդաբլուրի՝ Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի մաքրուհի Ջավահիր Աղաջանյանը պատմեց, որ ընտրությունների հաջորդ օրն Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում պաշտոնազուրկ համայնքապետ Արտավազդ Գալստյանի մայրը՝ Սիլվարդ Հայրապետյանը, որը դպրոցի փոխտնօրեն է, վիրավորել է իրեն: Ըստ նրա՝ պատճառն այն է, եղել, որ իրենք չեն աջակցել Վարդաբլուրի նախկին համայնքապետի ցանկալի թեկնածուին:
«Ես դպրոցում աշխատում էի, իմ հետի աղջիկների հետ նստած էի, մտավ ներս՝ մի տեսակ վատ տրամադրված, ու ինձ ասում է՝ Ջավահիր, աչքդ լույս լինի, ասում են, որ Միշադ մոսկվաներում ֆռֆռում է: Ես ոչ մի բան էդ ժամանակ չխոսացի, եկա տուն, շատ վատ էի։ Ամուսնուս՝ Կամոին էլ չպատմեցի, բայց ես ասեցի, որ չեմ կարա դիմանամ: Իմ տղան՝ Միշա Աղաջանյանը, տանկիստ էր, զոհվել է ապրիլի 4-ին, նա իմ միակ տղան էր, ում ծնունդին 10 տարի սպասել եմ»,- ասաց նա:
Տիկին Ջավահիրի խոսքով՝ ինքը հաջորդ օրը գնացել է փոխտնօրենի մոտ, որտեղ էլ վեճ է բռնկվել. «Ասացի, որ այսօր ես մտել եմ ոչ թե որպես հավաքարար, այլ հերոսի մայր ու 2 բառ պիտի քեզ ասեմ: Ասեցի՝ ես հերոս եմ ծնել, իսկ քո տղեն առնետ է: Ինքն անգամ իմ վրա փորձեց ձեռք բարձրացնել՝ ապտակել, բայց ես ձեռքը բռնեցի: Իրավունք չուներ ինձ նման բաներ ասել, ես իրան ասել եմ, եթե գիտես, որ տղես մոսկվաներում է, գտի բեր, բա չասե՞մ: Ինքն իմ բաց վերքի վրա աղ էր լցրել, ինչի՞: Ինքը մանկավա՞րժ է կոչվում, վերջերս էլ վաստակավոր ուսուցչի կոչում տվեցին»,-շարունակեց ապրիլյան պարտերազմի ժամանակ զոհված Միշա Աղաջանյանի մայրը:
Տիկին Ջավահիրի կարծիքով՝ Սիլվարդ Հայրապետյանի նման պահվածքի պատճառը եղել է այն, որ տղան՝ Արտավազդ Գալստյանը չի վերընտրվել: Նա պատմեց, որ իր ամուսինը՝ Կամո Աղաջանյանը, խնդիրներ է ունեցել Արտավազդ Գալստյանի հետ՝ համայնքի ղեկավար եղած ժամանակ բողոքել է համայնքի խնդիրներից:
«Ամուսնուցս էր լցված, խնդիրներ ուներ: Ամբողջ աշխարհը եկել է մեր տուն, ու բոլորն էլ բողոքել են ճանապարհներից, ահավոր վիճակ է: 10 տարի գյուղապետ է եղել, բայց ոչինչ չի արել ու չի ընտրվել, հիմա մայրն եկել է ու սրան նրան է կպնում: Դպրոցում աշխատող մեկին էլ է վիրավորել»,- ընդգծեց Ջավահիր Աղաջանյանը:
Վերջինս նաև հավելեց, որ հաջորդ օրն արդեն Սիլվարդ Հայրապետյանն իրեն ոչինչ չի ասել: Նրա կարծիքով՝ տնօրենը փոխտնօրենին սաստել էր:
Tert.am-միջադեպի հետ կապված փորձեց կապ հաստատել նաև հենց Սիլվարդ Հայրապետյանի հետ, սակայն պարզվեց, որ նրա հետ հեռախոսային կապ հաստատել հնարավոր չէ՝ բջջային և քաղաքային հեռախոսային կապ չունի: Մենք խոսեցինք նրա որդու՝ Վարդաբլուրի նախկին համայնքապետ Արտավազդ Գալստյանի հետ։
«Ես հիմա Վրաստանի ճանապարհին եմ, բայց հստակ կարող եմ ասել, որ որևէ միջադեպ չի եղել»,- ասաց Արտավազ Գալստյանը:
Հարցին՝ Ձեր մայրը չի՞ վիրավորել դպրոցի մաքրուհի Ջավահիրին, փորձել հարվածել, Գալստյանը պատասխանեց. «Հաստատ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, սուտ են ասում տենց բան չկա»:










