Իսպանիայի ՍԴ-ն չեղարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը. El Confidencial

17:40 • 08.11.17

Իսպանիայի սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել Կատալոնիայի անկախության հռչակման մասին բանաձևը, որը հոկտեմբերի 27-ին հավանության էր արժանացրել շրջանի խորհրդարանը: Այդ մասին հայտնում է El Confidencial թերթը:


Ավելի վաղ երկրի կառավարությունը միջնորդություն էր ներկայացրել կատալոնական օրենսդիր մարմնի որոշման դեմ:


Նոյեմբերի 3-ին Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, ինչպես նաև Բելգիայում գտնվող մյուս կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության համար միջազգային օրդեր հատկացնելու մասին: Դատարանը նրանց կասկածում է ապստամբության կազմակերպման, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքի չարաշահման և իշխանություններին չենթարկվելու համար:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատալոնիայում հանրաքվե էր անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու ու անկախություն ստանալու հարցով: Մասնակիցների մեծ մասը կողմ էր արտահայտվել այդ առաջարկին, սակայն պաշտոնական Մադրիդը չի ընդունել հանրաքվեի արդյունքները: