Թրամփի ելույթը բոյկոտել փորձած տղամարդուն դուրս են հանել խորհրդարանի դահլիճից
Հարավային Կորեայի խորհրդարանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից առաջ անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել դահլիճից դուրս բերել նրա ելույթը բոյկոտել փորձած տղամարդուն, այս մասին տեղեկանում ենք CNN-ից:
Հաղորդվում է, որ տղամարդու ձեռքում պաստառ է եղել:
Թրամփի ելույթը Հարավային Կորեայի խորհրդարանում կապված է եղել Կորեական թերակղզում ստեղծված լարված իրավիճակի հետ:
«Ես այս թերակղզի եմ եկել, որպեսզի ուղիղ կոչով դիմեմ Հյուսիսային Կորեայի բռնատիրական ղեկավարությանը: Զինատեսակները, որոնք դու փորձում ես ստանալ, քեզ համար ոչ թե անվտանգություն կապահովեն, այլ քո ռեժիմը լուրջ վտանգի տակ կդնեն: Այդ մութ ճանապարհին իրականացրածդ ամեն մի քայլն ուժեղացնում է այն, ինչին դու դիմակայում ես: Հյուսիսային Կորեան այն դրախտավայրը չէ, որն ուզում էր կառուցել պապդ (Կիմ Իր Սեն-Tert.am), այն դժոխք է, որին արժանի չէ ոչ մի մարդ»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև նախապատերազմական իրավիճակ է ստեղծվել՝ Փհենյանի կողմից արձակված բալիստիկ հրթիռների, ինչպես նաև միջուկային փորձարկումների պատճառով: ԱՄՆ-ն սպառնացել է ռազմական լուծում տալ խնդրին, եթե Հյուսիսային Կորեան շարունակի միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացումը: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը նշում է, որ այդ ծրագրերն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են:










