Վենեսուելայի նախագահը ֆուտբոլ է խաղացել Մարադոնայի հետ (լուսանկար)
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ մասնակցել է ընկերական խաղի, որն անցկացվել է մայրաքաղաք Կարակասից ոչ հեռու գտնվող ռազմակայանի դաշտում:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, Մադուրոն ֆուտբոլի նախկին աշխարհի չեմպիոնին է նվիրել խորհրդանշական լուսանկար, որում Մարադոնան պատկերված է Վենեսուելայի նախկին ղեկավար Ուգո Չավեսի հետ: Բացի այդ, Մադուրոն արգենտինացի մարզիկին տվել է Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի 10 համարի խաղաշապիկը:
Աղբյուրը հիշեցնում է, որ օգոստոսին Մարադոնան հրապարակայնորեն իր աջակցությունն էր հայտնել Մադուրոյին՝ ընդգծելով, որ պատրաստ է հանուն Վենեսուելայի զինվորական համազգեստ հագնել ու պայքարել իմպերիալիզմի դեմ:
Հավելենք, որ Մադուրոյի կողմից երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո նրա դեմ գրեթե ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվել, իսկ Արևմուտքը Մադուրոյին մեղադրել է երկիրը լիակատար բռնապետության վերածելու համար:
Վենեսուելան արդեն մի քանի տարի գտնվում է ծայրահեղ ճգնաժամի մեջ, ինչի հետևանքով երկրի ազգային արժույթն անընդհատ արժեզրկվում է: Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ 2018թ. արժեզրկումը Վենեսուելայում կարող է հասնել 2300%-ի, իսկ երկրի ՀՆԱ-ն կգրանցի 12%-ով անկում:











