Նորմալ է, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանին տեսախցիկներ է տեղադրել, դրանց բացակայությունն է աննորմալ․ Անդրանիկ Իսպիրյան
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ նորմալ է, որ Թուրքիան որոշել է հայ-թուրքական սահմանին տեսախցիկներ տեղադրել, ավելին, նրա խոսքով՝ դրանց բացակայությունն է աննորմալ: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ տեղեկատվությունը հուզականերոն է ընդունվում հայկական լսարանի կողմից, քանի որ վերաբերում է թուրքական սահմանին:
Անդրանիկ Իսպիրյանը հիշեցրեց, որ ժամանակին խոսվում էր Թուրքիայի այլ երկրների հետ սահմաններում պատ կառուցելու մասին: Խոսակցությունները սկսվեցին, և պատ կառուցվեց նախ Սիրիայի հետ սահմանում, որպեսզի այն վերահսկելի դառնա և հնարավոր լինի սիրիական թնջուկի ռիսկերից խուսափել: Թուրքագետը մատնանշեց՝ հետո խոսակցություններ եղան Իրանի սահմանում պատ կառուցելու մասին, որպեսզի այստեղից էլ Քրդական բանվորական կուսակցության զինված խմբավորումները չներթափանցեն Թուրքիա:
«Թուրքան այդ քայլով փորձում էր և՛ մաքսանենգության դեմն առնել, և՛ քուրդ զինյալների ելումուտը սահմանափակել»,- ասաց նա: Հայաստանի հետ սահմանում պատ կառուցելու մտադրությունն էլ, ըստ Անդրանիկ Իսպիրյանի, կապված է նրա հետ, որ երբեմն քուրդ զինյալները կարող են հայտնվել Հայաստանում և այստեղից ներթափանցեն Թուրքիա:
Անդրադառնալով արդեն հայ-թուրքական սահմանին տեղադրված տեսախցիկներին՝ թուրքագետը նշեց, որ իրականում հայկական կողմից էլ Թուրքիայի սահմանին տեսախցիկ կա, և դա առանձնապես հայտարարելու բան էլ չէ:
«Դա աննորմալ երևույթ չէ, ամբողջ աշխարհում այդ տեսախցիկները կան, պարզապես քանի որ հայ-թուրքական սահմանին է դա վերաբերում ժողովուրդը հուզական է արձագանքում: Պետք է նկատել, որ պարզապես Կարսի նահանգապետարանի կայքում, որպես տեղեկատվություն է նշվել, որ նման բան է եղել, ծախսերը ներկայացնելու համար են դա արել: Հայերի համար էլ դա դարձավ լրատվական թեմա»,- ասաց նա:
Անդրանիկ Իսպիրյանի խոսքով, ըստ երևույթի, Կարսի նահանգապետարանը որոշել է իր բնակիչներին օգնելու համար տեսախցիկ տեղադրել․ Կարսի տարածքից հաճախ են անասուններ անցնում հայկական կողմ և խնդիրներ են առաջանում, քանի որ թուրք անասնապահները անցնելով սահմանից՝ դառնում են ռուսական սահմանապահների թիրախը:
«Տեսախցիկ դնելը որևէ օրենքով չի արգելվում: Ընդհակառակը, ամբողջ աշխարհում դա նորմալ պրակտիկա է և ավելի հեշտացնում է սահմանի վերահսկողությունը»,- ասաց նա:
Նա նաև նկատեց, որ թուրքական կողմից հայ-թուրքական սահմանում, ի տարբերություն հայկականի, չկան սահմանապահներ, փշալարեր, ոչինչ չկա: «Թուրքերն ապավինում են ռուսական սահմանապահների զգոնությանը»,- ասաց նա:
Թուրքագետի պնդմամբ՝ տեսախցիկի տեղադրումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում: «Այստեղ ոչ մի քաղաքական հարց չկա: Նորմալ չէր, որ թուրքական կողմն այդքան ապավինում էր ռուսական զորքի զգոնությանը: Հիմա տեսախցիկով կվերահսկեն, թե ինչպես են անասուններն անցնում սահմանը, մաքսանենգության դեպքերը կքչանան »,- ասաց նա:
Տեսախցիկների տեղադրմամբ, ըստ թուրքագետի, չի նշանակում, որ Թուրքիան հետ է կանգնում մեզ հետ սահմանին պատ կառուցելու մտքից:
«Այդ ծրագիրը կա: Դա պետական, Թուրքիայի կառավարության ծրագիրն է, իսկ տեսախցիկները Կարսի՝ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումն է, որ իրենց այդ հատվածը վերահսկելի դարձնեն»,- ասաց նա:










