Հայաստանը KfW բանկից 80 մլն եվրո վարկ կվերցնի՝ 2,4% տոկոսադրույքով

14:57 • 09.11.17

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագիրը:

«Սա բյուջետային օժանդակության վարկ է, սա համահունչ է 2017թ. բյուջեի մասին օրենքում ամրագրված դեֆիցիտի ֆինանսավորման բյուջետային օժանդակության ցուցանիշին, որը 220 միլիոն է, որից 40 միլիոնը ծածկվելու է այս բյուջետային օժանդակության վարկով»,-ասաց Վարդան Արամյանը:

Ըստ նախագծի` ընդհանուր 80 միլիոնը երկու տրանշից է բաղկացած՝ 40 միլիոնն այս տարի, մյուս 40 միլիոնը 2018 թվականին:

«2018 թվականի նախագծի մեջ մենք արդեն արտացոլել ենք սա: Դրանք ջրային, կոշտ թափոնների կառավարման և գյուղատնտեսության ապահովագրւթյան մեխանիզմների ներդրման ոլորտներն են, որի շրջանակներում KfW-ն տրամադրում է շուրջ 8,3 միլիոնի տեխնիկական օժանդակության դրամաշնորհ: Վարկը տրամադրվում է 15 տարով և 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Տոկոսադրույքը 2,4% է»,-ասաց նա: