«Դատավոր Իշխան Բարսեղյանն ասաց՝ $1000 թող բերի, կանեմ». ցուցմունք տվեց կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբանը (տեսանյութ)

16:42 • 09.11.17

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ:

Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց ամբաստանյալ Էլզա Զաքարյանը, ով ասաց, որ դատավոր Իշխան Բարսեղյանի հետ հանդիպել է Շենգավիթի դատարանում: Նրա խոսքով՝ իր մոր գումարից 2000 դոլար պարտքով տվել է Իշխան Բարսեղյանին, որն ըստ պարտավորագրի, Իշխան Բարսեղյանը պետք է վերադարձներ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին:

«Իշխան Բարսեղյանն իմ զանգերին չէր պատասխանել, եկել եմ դատարան և հանդիպել նրա հետ: Նա ասել է, որ զբաղված էր, դրա համար չի կարողացել պատասխանել զանգերին, իսկ պարտքով տված գումարը կվերադարձնի նոյեմբերի 2-ին»,-ասաց նա։

Էլզա Զաքարյանն ասաց, որ դատարանում տեսել է Նորիկ Հակոբյանին, խոսել է նրա գործի մասին, որը գտնվել է Իշխան Բարսեղյանի վարույթում(Էլզա Զաքարյանը Նորիկ Հակոբյանի գործին ծանոթ է եղել, որովհետև փաստաբանական ծառայությունների համար Նորիկ Հակոբյանը նախկինում դիմել է Էլզա Զաքարյանին, խմբ):

Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ Նորիկ Հակոբյանը խնդրել իրեն իր գործի մասին խոսել Իշխան Բարսեղյանի հետ. «Նորիկը խնդրեց, ես կրկին բարձրացա Իշխան Բարսեղյանի մոտ: Բարսեղյանը հարցրեց, թե ի՞նչ ձևի մարդ է, ասացի՝ խեղճ մարդ է: Ասաց՝ 1000 դոլար գումար թող բերի, կանեմ, բարդ գործ է: Իջել եմ ներքև, Նորիկ Հակոբյանին փոխանցել եմ, որ օգտին հարցը կլուծվի, բայց 1000 դոլար գումար է ուզում: Հակոբյանն ասաց՝ ճարս ինչ: Բարձրացա և այդ ամենը փոխանցեցի Բարսեղյանին: Նա գումարը բերելու կոնկրետ օր նշեց»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ այնուհետև կողմերին ասել է, որ իրենց հարցերն ինքնուրույն լուծեն:

Ինչ վերաբերում է Իշխան Բարսեղյանին կաշառք վերցնելու մեջ կասկածելուն և ձերբակալելուն, Էլզա Զաքարյանն ասաց, որ դեպքի մասին իմացել է դրան հաջորդող առավոտյան, երբ ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել և հայտնել են, որ իրեն ուղեկցելու են Հատուկ քննչական ծառայություն:

Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի հարցին, թե մեկ այլ անձի մոտ այլ տպավորություն կարող ստեղծվել, թե Էլզա Զաքարյանն ինչո՞ւ է պարտքով գումար տվել Բարսեղյանին, ամբաստանյալն ասաց.  «Դա կաշառք չէր, պարտավորագիրն էլ կա»:

Պաշտպանի հարցին, թե ինչ նպատակով էր օգտագործելու գումարը Իշխան Բարսեղյանը և ինչու էր կոնկրետ օր նշել, Էլզա Զաքարյանն ասաց, որ քանի որ ինքը չի մտածել, որ Նորիկ Հակոբյանը կկարողանա այդ գումարը գտնել, չի էլ հետաքրքրվել:

Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպանները դատարանից ժամանակ խնդրեցին ամբաստանյալին հարցեր ուղղելու համար, չնայած Էլզա Զաքարյանն ասաց, որ հրաժարվում է նրանց հարցերին պատասխանելուց:

«Մենք հարցեր կտանք, դու մի պատասխանի»,-ասաց Իշխան Բարսեղյանը:

«Մեր հարցերը տալու համար դատարանից ժամանակ ենք խնդրում, քանի որ ամբաստանյալը նոր տվյալներ հայտնեց, ժամանակ է պետք պատրաստվելու համար»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը: Ամբաստանյալ Էլզա Զաքարյանին Իշխան Բարսեղյանի պաշտպանները հարցեր կուղղեն հաջորդ նիստին:

Նշենք, որ վկա Նորիկ Հակոբյանի գործը վերաբերել է իր տնօրինության տակ գտնվող տանից վտարվելուն և նա մտավախություն է ունեցել, որ կհայտնվի դրսում, քանի որ այլ բնակվելու տեղ չունի: Նա հակընդդեմ հայց է ներկայացրել, և ըստ Էլզա Զաքարյանի՝ հակընդդեմ հայցը բավարարելու և Նորիկ Հակոբյանի օգտին որոշում կայացնելու համար դատավորը գումար է պահանջել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:

Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է փաստաբան Էլզա Զաքարյանը: Այնուհետև նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով, կատարել է կաշառքի միջնորդություն: