360 մլն դոլար. Կոլումբիայում առգրավվել է կոկայինի խոշորագույն խմբաքանակներից մեկը
Կոլումբիայի ոստիկանությունը երկրի խոշորագույն հանցախմբից՝ «Ծոցի կլան»-ից (Gulf Clan) առգրավել է ավելի քան 12 տոննա կոկային, ինչը երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսի խոսքով՝ երբևէ երկրում առգրավված կոկայինի ամենամեծ խմբաքանակներից է:
Ինչպես նշում է The Guardian-ը, Սանտոսը մանրամասնել է, որ թմրանյութի փողոցային արժեքը 360 մլն դոլար է:
Հայտնի է, որ ոստիկանությունը թմրանյութը հայտնաբերել է Պանամայի հետ սահմանի մոտ՝ բանանի ծառերով հարուստ տեղանքում:
Նախագահ Սանտոսն ընդգծել է, որ թմրանյութը հաջողվել է հայտնաբերել ԱՄՆ-ի հետախուզության, ինչպես նաև այլ պետությունների հետ համագործակցության շնորհիվ:
Պարբերականը մանրամասնում է, որ «Ծոցի կլան»-ը երկրի անվտանգության գլխավոր սպառնալիքներից է: Այն ղեկավարում է Դարիո Անտոնիո Ուսուգան, որը հայտնի է որպես Օտոնիել: Հայտնի է, որ Միացյալ Նահանգները խոստացել է 5 մլն դոլարի պարգևատրում տալ Օնտոնիելի մասին արժեքավոր տեղեկությունների դիմաց:
Կոլումբիան աշխարհում կոկայինի արտադրության ոլորտի առաջատարներից է: Այն տարեկան 910 տոննա կոկային է արտահանում: Նշվում է, որ միայն այս տարի հակաթմրանյութային գործողությունների շրջանակում առգրավվել է 362 տոննա կոկային:










