Հունաստանում 11 ցմահ բանտարկության դատապարտված ահաբեկիչը ստացել է առաջին «արձակուրդը»

13:36 • 09.11.17

Հունաստանում «Նոյեմբերի 17» ահաբեկչական խմբավորման ղեկավար Դիմիտրիս Կուֆոնտինասը, որը 15 տարի առաջ դատապարտվել է 11 ցմահ բանտարկության, ստացել է իր առաջին «արձակուրդը». հինգշաբթի առավոտյան նա երկու օրով դուրս կգա բանտից: Այս մասին հայտնում է Աթենքի նորությունների АМНА գործակալությունը:

Հայտնի է, որ Կուֆոնտինասը գտնվում է Կորիդալոս հատուկ խիստ ռեժիմով բանտում: Նա երկու օրով արձակուրդ է խնդրել բանտի խորհրդից, և խորհուրդը, որի կազմում նաև դատախազ կա, քննարկել է հարցը և ընդունելի համարել խնդրանքը:

«Նոյեմբերի 17 հեղափոխական կազմակերպություն»-ը գործել է Հունաստանում 1975-2002 թվականներին: Այն իրականացրել է պայթյուններ, կողոպուտներ և սպանություններ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «ահաբեկչի արձակուրդն» արժանացել է ընդդիմության խիստ քննադատությանը: Ընդդիմադիրները հիշեցնում են, որ 2014 թվականի հունվարին սուրբծննդյան արձակուրդից չի վերադարձել «Նոյեմբերի 17»-ի գործով մեկ այլ դատապարտյալ, որը կրկին ձերբակալվել է միայն մեկ տարի անց՝ 2015 թվականի հունվարի սկզբին:

Նշվում է, որ այս որոշումը դատապարտել է նաև Հունաստանի նախկին արտգործնախարար, Աթենքի նախկին քաղաքապետ Դորա Բակոյանին, որի ամուսնուն՝ լրագրող Պավլոս Բակոյանիսին, սպանել են խմբավորման ահաբեկիչները: Բակոյանիսի խոսքով՝ իրեն ցնցել է Կուֆոնտինասին արձակուրդ տալու մասին լուրը: