Ղրղզստանը չեղարկել է ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության մասին Ղազախստանի հետ կնքած համաձայնագիրը

14:11 • 09.11.17

Ղրղզստանի խորհրդարանը հինգշաբթի երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին Ղազախստանի հետ համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Համաձայնագիրը չեղարկվել է Բիշքեքի և Աստանայի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը տեղի է ունեցել Ղրղզստանում հոկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններից առաջ: Հիշեցնենք, որ Ղրղզստանի նորընտիր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը երեկ հայտարարել էր, որ Ղազախստանի հետ խնդիրները շուտով կհարթվեն:


Ղրղզստանի և Ղազախստանի կառավարությունները համաձայնագիրը կնքել էին 2016 թվականին: Այն նախատեսում է Ղրղզստանին Ղազախստանի կողմից 100 միլիոն դոլարի օգնության տրամադրում՝ «Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության ինտեգրման գործընթացներին նպաստելու նպատակով»: Համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծն ուղարկվել էր կառավարություն հոկտեմբերի 20-ին երկրների միջև դիվանագիտական սկանդալից հետո:


«Այս տարվա օգոստոսին կողմերի միջև ստորագրվել է Ղրղզստանի Հանրապետությանը 41 միլիոն դոլարի չափով տեխնիկական աջակցության միջոցառումների մանրամասն ցանկը, հետագայում նախատեսվում էր, որ օգնությունը կտրամադրվի՝ կախված հետագա ֆինանսավորման համար համաձայնեցված բյուջեներից»,- նշել է նա: Սակայն քանի որ «մինչ այժմ տվյալ օգնությունը չի տրամադրվել ղրղզական կողմին», խորհրդարանը որոշել է խզել պայմանագիրը՝ վկայակոչելով Վիեննայի կոնվենցիայի հոդվածները:


Ղրղզստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները վատթարացել են Ղրղզստանում նախագահական ընտրությունների ընթացքում, երբ տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալ՝ ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման պատճառով: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ դրանով Ղազախստանը միջամտում է Ղրղզստանի ներքին գործերին։


ԵԱՏՄ անդամ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից կուտակվել են մեծ քանակությամբ մարդիկ և բեռնատարներ: