«Հեզբոլլահը» կոչ է արել Սաուդյան Արաբիային այլևս չմիջամտել Լիբանանի գործերին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական բլոկը կոչ է արել Սաուդյան Արաբիային դադարել միջամտել Լիբանանի գործերին՝ թագավորությունում գտնվող Լիբանանի վարչապետի անսպասելի հրաժարականից հետո, հայտնում է Reuters գործակալությունը:
Խորհրդարանում «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչ Հասան Ֆադլալահը հայտարարել է, որ բլոկը պաշտպանում է Լիբանանի նախագահի դիրքորոշումը, որը հրաժարվել է որոշում կայացնել անակնկալ հրաժարականն ընդունելու վերաբերյալ մինչև վարչապետ Սաադ Հարիրին չվերադառնա հայրենիք:
Լիբանանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ երկրում կարծում են՝ Սաադ Հարիրին պահվում է Էր Ռիադում, և Բեյրութը պատրաստվում է աշխատել օտար պետությունների հետ՝ նրա վերադարձն ապահովելու համար:
Մեկ այլ աղբյուր՝ Հարիրիին մոտ բարձրաստիճան քաղաքական մի գործիչ հայտնել է լրատվամիջոցին, որ Սաուդյան Արաբիան նրան հրահանգել է հրաժարական տալ և տնային կալանք սահմանել նրա նկատմամբ: Իրավիճակին ծանոթ երրորդ աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան վերահսկում և սահմանափակում է նրա տեղաշարժը:
Նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայից հեռարձակված Հարիրիի անակնկալ հրաժարականից հետո Լիբանանում խորը քաղաքական ճգնաժամ է սկսվել և երկիրը կագնեցրել է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև տարածաշրջանային հակամարտության առաջնագծին:
Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից: Նրա հայրը`Ռաֆիկ Հարիրին, որը նախկին վարչապետն էր, սպանվել է ռումբի պայթեցման հետևանքով 2005 թվականին:










