Դժվարություն կունենանք առաջին 4 տարիներին. Ռադիկ Մարտիրոսյանը՝ տարկետման իրավունքի սահմանափակման մասին
Պետք է լինի այնպիսի տարբերակ, որ մենք իրոք ունենանք ուժեղ բանակ՝ անհրաժեշտ թվով և ունենանք մասնագետների ինստիտուտ, որ մեր կյանքի մյուս բնագավառների համար մասնագետ պատրաստենք:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով տարկետման իրավունքի սահմանափակմանը: Նա նշեց, որ մի խնդրի լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի:
«Օրենքի նախագիծը, որը կա, գաղափարները ճիշտ են, բայց այնպիսի մեխանիզմներ պետք է մշակել, որ դա իրականացվի, այս մեխանիզմների մասին կարելի էր պայմանավորվել»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է ծառայության ժամանակ գիտությամբ զբաղվել, նա պատասխանեց, որ՝ չգիտի և դժվարանում է ասել՝ հնարավո՞ր է համատեղել, թե ոչ, քանի որ դա անձից է կախված: Այդուհանդերձ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ գտնում է, որ պետք է պարտադիր բոլորը ծառայեն, բայց կախված է, թե երբ:
«Ես կարծում եմ, որ դժվարություն կունենանք առաջին չորս տարին: Դրանից հետո այդ ցիկլը որ կրկնվի, կհարմարվենք»,-ասաց նա և նշեց, որ բանակում ծառայելուց հետո կվերադառնան, և իրենք կունենան համալրում:
«Այլ հարց է, որ եթե մինչև բանակը լավ սովորող էր, լավ գիտելիքներ ուներ, հետո կարողանո՞ւմ է իրեն նորից լավ դրսևորել: Կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Բայց նրանք, որ ըստ էության ճիշտ կողմնորոշված են, որ գիտությամբ պետք է զբաղվեն, նրանց համար այնքան էլ մեծ խնդիր չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով գիտության ոլորտի ծախսերի կրճատմանը՝ Ռադիկ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ ծախսերը չեն կրճատվել, այլ ուրիշ ուղղությամբ են ուղղվել:
«Էլի գիտության համար է ուղղվել, բայց ռազմարդյունաբերական համալիրն է ուժեղանալու, իսկ մենք այդտեղ ունենք պահանջներ: Իհարկե լավ կլիներ, որ ռազմարդյունաբերական համալիրը ուժեղանար լրացուցիչ գումարներով»,-ասաց նա և համաձայնեց, որ դրանից գիտության ոլորտը կտուժի:
Չնայած դրան, նա նշեց, որ պետությունը գիտությանը շատ լուրջ է վերաբերում, սակայն գիտությանն աջակցում է առայժմ փոքր չափերով:










