ՌԴ ՆԳՆ-ն մտադիր է լուսանկարել առանց վիզայի երկիր ժամանող բոլոր հյուրերին
ՌԴ ներքին գործերի նախարարությունն օրենքի նախագիծ է մշակում, որը ենթադրում է առանց վիզայի երկիր ժամանող օտարերկրացիների պարտադիր դակտիլոսկոպիա և լուսանկարում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը «կառավարական ժամի» շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օրենքի նախագիծը վերաբերում է առանց վիզայի Ռուսաստան ժամանած օտարերկրացիներին, և մեր երկրում գտնվելու 30-օրվա ժամկետի լրանալուց հետո նրանք պարտավոր են տեղեկացնել ՆԳՆ տարածքային մարմնին իրենց գտնվելու փաստացի վայրի մասին: Նման ծանուցում ներկայացնելիս նրանք ենթակա են պարտադիր գրանցման (դակտիլոսկոպիա) և լուսանկարման»,- ասել է Կոլոկոլցևը:
Նա հավելել է, որ օրենքի նախագիծն այժմ անցնում է ներգերատեսչական համաձայնեցման գործընթաց:










