ՌԴ օգտատերերի տվյալների հետ Facebook-ի աշխատանքը ստուգելու «Ռոսկոմնադզոր»-ի հնարավոր որոշումը մեզ վրա չի ազդի. Ս. Մարտիրոսյան
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Ռոսկոմնադզորը» ստուգելու է Facebook սոցիալական կայքի համապատասխանությունը ռուսական օրենքներին: Ռուսաստանի վերահսկիչ պետական այդ գերատեսչությունը մասնավորապես ստուգելու է, թե Facebook-ն ինչպես է աշխատում ռուսաստանցի օգտատերերի անձնական տվյալների հետ:
Արդյո՞ք սա կարող է տարածվել նաև ֆեյսբուքյան հայաստանյան օգտատերերի վրա. Tert.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Մեզ վրա ազդելու խնդիր չունի: Առաջինը՝ Ռուսաստանն օրենք է ընդունել, որ ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները պետք է մշակվեն ՌԴ տարածքում: Դա ենթադրում է, որ օրինակ Facebook-ը պետք է իր սերվերները բերի Ռուսաստան ու Ռուսաստանի քաղաքացիների պրոֆիլները տեղադրի այդտեղ»:
Մարտիրոսյանը նաև հիշեցրեց, որ Ռուսաստանն այդ օրենքն արդեն կիրառել է LinkedIn սոցիալական ցանցի դեպքում, իսկ քանի որ LinkedIn-ը հրաժարվել է իր սերվերները բերել, իրեն արգելափակել են:
«Երեկ այդպիսի ինչ-որ ներքին տվյալ է գնացել, թե իբր Facebook-ը համաձայնել է բերել իր սերվերները, բայց ճիշտն ասած մինչև Facebook-ը չընդունի, ես դրան չեմ հավատա: Հարցական է՝ արդյո՞ք դա ռեալ է, թե՞ Ռոսկոմնադզորն ուզում է իր ցանկությունը ներկայացնել որպես իրականություն»,-նշեց Մարտիրոսյանը:
Փորձագետի կարծիքով՝ նույնիսկ եթե Facebook-ն իր սերվերները բերի Ռուսաստան, դա չի նշանակում, որ օգտատերերի անձնական տվյալները հասանելի կդարձնի Ռուսաստանի գերատեսչությունների համար։










