Կա լուրջ սպառնալիք, որ Մոսկվան փորձելու է սաբոտաժի ենթարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրագործումը․ռուս հրապարակախոս

12:47 • 10.11.17

 Սան-Ֆրանցիսկոյում բնակվող ռուսաստանցի լրագրող, հրապարակախոս Քսենիա Կիրիլովայի խոսքով՝ Ռուսաստանն այս անգամ չխոչընդոտեց Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու, գործընկերության համաձայնագիր կնքելու հարցում, քանի որ այն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չի պարունակում ազատ առևտրի հնարավորություններ Եվրամիության հետ:

«Հենց այդ պատճառներով Մոսկվան չի տեսնում իր համար սպառնալիքներ այս ձևաչափով համաձայնագրում: Դրա համար էլ, հնարավոր է, Ռուսաստանը որոշել է գործել ավելի նրբորեն՝ թույլատրելով Հայաստանին սահմանափակ ինտեգրացիա՝ շատ լավ հասկանալով, որ դրա ավելի խորը տարբերակն այս դեպքում անհնար է »,- ասաց նա:

Քսենիա Կիրիլովայի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ առաջին անգամ Մոսկվան Եվրամիության հետ Հայաստանի կողմից համաձայնագրի ստորագրումը կանխել է դեռ 2013-ին սեպտեմբերին՝մինչ ուկրաինական  «Մայդանը»: «Շատ հավանական է, որ ուկրաինացիների այդպիսի կտրուկ արձագանքը Մոսկվային սովորեցրել է այլևս չգործել այդպես «կացնային»»,- ասաց նա:

Ռուսաստանը, ըստ հրապարակախոսի, առավել քան հանգիստ է Հայաստանի հետ հարաբերություններում նաև ռազմական ոլորտում։ Նրա խոսքով՝ այդ հանգստությունը շնորհիվ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում և այլ ռազմական համատեղ համագործակցություններում ներկայությունն է: «Ինչպես նաև՝ Հայաստանում ռազմական բազայի ներկայությունը կարող է երաշխավորել, որ Հայաստանի  հարաբերությունները երբեք ՆԱՏՕ-ի հետ չեն սերտանա»,- ասաց նա:

Ռուս հրապարակախոսը վստահ չէ, որ Հայաստանի՝ եվրաինտեգրման շնորհիվ՝  Ռուսաստանը ցանկանում է հարթել արևմուտքի հետ իր հարաբերություններում առկա խնդիրները:

«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի և արևմուտքի միջև հիմնական խնդիրներն այլ հարթությունում են: Եվ դա անգամ Ուկրաինան չէ, այլ Ռուսաստանի խառնվելն է Եվրամիության և ԱՄՆ-ի ներքին գործերին, «ակտիվ միջոցառումները», միջամտությունը ընտրություններին: Հետևաբար, Արևմուտքի համար գլխավոր խնդիրը Ռուսաստանի նման գործունեությունն է: Ինչպես նաև՝ արևմուտքը զգուշանում է Ռուսաստանի ազդեցության մեծացումից Արևելյան Եվրոպայում: Այդ հետքով Ուկրաինան է գնում: Սակայն, իմ կարծիքով, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է նվազեցնել լարվածությունը սևծովյան ավազանում»,- ասաց նա:

Նա նկատեց, որ ՆԱՏՕ-ն սևծովյան տարածաշրջանը դիտարկում է որպես իր անվտանգային առաջնահերթություններից մեկը: «Եվ այստեղ Հայաստանն ու իր դիրքորոշումը կարող են ունենալ ստրատեգիական նշանակություն՝ հատկապես Ղրիմի ռազմականացման ֆոնին»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, կարծես թե, խոչընդոտ չկա, սակայն մտավախություններ կան, որ համաձայնագրի իրագործումը ՀՀ-ի համար դժվար կլինի, Քսենիա Կիրիլովան պատասխանեց․«Իհարկե, ինձ համար դժվար է կանխատեսել հայաստանյան իշխանությունների պահվածքը, սակայն, այնուամենայնիվ, շատ մեծ հույսեր եմ կապում հայաստանյան հասարակության հետ, որը կարող է վերահսկել համաձայնագրի իրագործման գործընթացը: Իհարկե, կա նաև լուրջ սպառնալիք, որ Մոսկվան փորձելու է սաբոտաժի ենթարկել համաձայնագրի իրագործումը՝ անգամ հայ քաղաքական գործիչների վրա ազդելու ճանապարհով: Եվ այստեղ քաղաքացիական հասարակության արձագանքը կարող է ունենալ որոշիչ դեր»,- ասաց նա: