Եթե ուզում են կանգնել մեր կողքին, թող կանգնեն, կապ չունի՝ որ կուսակցությունից են, բայց պայքարը լինելու է բացառապես ուսանողական. Դ. Պետրոսյան (տեսանյութ)

21:45 • 10.11.17

Արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում է ուսանողների դասադուլի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի: Հնարավո՞ր է արդյոք՝ շարժումը քաղաքական երանգներ ստանա, թույլ կտա՞ն ուսանողները քաղաքական ուժերի մասնակցություն պայքարին, ո՞րն է լինելու շարժման հետագա ընթացքը. այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է շարժումը համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի հետ:

-Դավիթ, արդեն չորրորդ օրն է ընթանում դասադուլի ակցիան՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր մամուլում շրջանառված կարծիքը, որ ուսանողական ակցիան կարող է որոշակի քաղաքական երանգներ կամ միտում ստանալ:

-Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ այս նախաձեռնությունը միանգամայն ուսանողական նախաձեռնություն է: Այդ քաղաքականացվելու խոսակցությունները հիմնավորված չեն: Մենք բազմիցս նշել ենք, որ եթե կոնկրետ փաստեր կան, թող նշեն՝ ինչու է մեր պայքարը քաղաքականացված, ոչ թե քաղաքականացված, այլ կուսակցականացված, որովհետև պրոցեսն արդեն քաղաքական է: Եթե քննարկվում է օրինագիծ ու սկսվել է պայքար, որ այդ օրենքն այդ էությամբ չընդունվի՝ դա արդեն քաղաքական է: Եթե քաղաքական գործիչներ, ինչ- որ կուսակցության ղեկավարներ անում են հայտարարություն՝ դա իրենց իրավունքն է: Այս նախաձեռնության մասին կարող են արտահայտվել բոլորը, բայց որ ինչ- որ մեկը արտահայտվում է նախաձեռնության մասին, դա չի նշանակում, որ շարժումը հովանավորում է նրանց կողմից: Կոնկրետ անդրադառնամ «Ելք»-ին. ամենաշատը երևի նրանց հետ է ասոցացվում: Դասագրքային առումով՝ իշխանության առաջ քաշած օրինագծի դեմ ընդդիմությունը պետք է աշխատի: Ուղղակի հիմա այնպես է ստացվել, որ այս նախագծի դեմ, որ մենք պայքարում ենք, նրանք էլ են պայքարում, այստեղ ուղղակի նույն բանի համար պայքար է գնում, դա չի նշանակում, որ կա համագործակցություն կամ կապ:

-Դավիթ, մեր երկրում փորձ կա՝ քաղաքական ուժերը, կուսակցությունները հանրային բողոքն իրացնում են կամ մասնակցում դրան՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Դուք հնարավոր համարո՞ւմ եք նույնը ձեր ուսանողական շարժման դեպքում:

- Դա էլ էլի իրականություն է՝ փորձել իրավիճակը հասկանալ, համապատասխան պահի օգտագործել՝ այդ դիվիդենտները շահելու համար: Դա քաղաքականություն է, որով ուզում են ստանալ այն, ինչ ուզում են: Այն, որ մենք դրան չենք տրվում, արդեն պարզ երևում է: Ես՝ որպես այս նախաձեռնության անդամ, կարող եմ պաշտոնապես հայտարարել՝ այդպիսի բան չկա ու չի էլ լինելու: Եթե նրանք ուզում են գալ այստեղ կանգնել, թող գան կանգնեն, կապ չունի՝ որ կուսակցությունից են։ Իհարկե մենք ենք կազմակերպում, բայց մենք չենք սահմանափակում՝ այստեղ ովքեր կարող են լինել, անկախ նրանից՝ ով ինչ հայացքներ ունի, բոլորն էլ կարող են լինել: Այդ քաղաքականացվելը հաճախ օգտագործվում է մանիպուլյատիվ մեթոդով : Դրա նպատակը եղել է կանխել մարդկանց մասնակցությունը շարժումներին:

-Դավիթ, խոստացվել էր «մեգադասադուլ» երեկվա համար, այսօր խոստացել էիք «հիպերդասադուլ»։ Սա ենթադրո՞ւմ է ուսանողների թվի ավելացում: Շարժմանը միացող ուսանողների և նաև դասախոսների թիվն ավելանո՞ւմ է:

-Դասախոսների հարցն արդեն ամբողջովին պարզ է: Չի եղել դասախոս, որ ամբողջովին դեմ արտահայտվի, իսկ եղել են դասախոսներ, որ ամբողջովին կողմ են: Հիմա եթե ինչ-որ գործընթացներ սկսվեն, և դասախոսները սկսեն արտահայտվել, ես արդեն խիստ կկասկածեմ: Բայց փաստ է, որ ուսանողների թիվը չի քչանում, գնալով ավելանում է: Այսօր մեզ միացել են Ամերիկյան և Եվրոպական համալսարանից: Սլավոնականից պետք է միանան, իսկ սա խոսում է այն մասին, որ խոսակցությունները, թե պայքարը միայն ԵՊՀ-ի ներսում է, չկան, որովհետև սա ուսանողական է: Շարժմանը կողմ են արտահայտվում նաև քաղաքացիական հասարակության կազմակերպության ներկայացուցիչներ: Սա միայն մեր՝ ուսանողների խնդիրը չէ, սա հանրության խնդիրն է, ուղղակի մենք ենք սկսել պայքարը, և դա այդպես էլ պետք է լիներ: Իսկ այն մարդիկ, որ Facebook-ում նստած մեկնաբանություններ են անում, թող հետևեն, թե ինչ պատասխաներ են տրվում այն մարդկանց, ովքեր փորձում են այս շարժումը պիտակավորել:

-Ուսանողական շարժման ակտիվ մասնակիցներին կամ պայքարին միացած դասախոսներին սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր գրանցվե՞լ են:

-Մենք նշեցինք երեկ, այսօր էլ կասենք՝ եթե մեր շարժմանը գաղափարակից մարդկանց նկատմամբ իրականացվի ինչ-որ ոտնձգություն, այդ ոտնձգությունը վերագրվելու է նաև մեզ: Կոնկրետ փորձել են ազդել տարբեր մեթոդներով, բայց մինչ այս պահը նման դեպք չի գրանցվել: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ արդեն հասկանում են, որ դա կարող է բերել հետևանքներ:

-Երեկ Դուք նախաձեռնության մի քանի այլ անդամների հետ հանդիպում ունեցաք վարչապետի ու համապատասխան ոլորտների նախարարների հետ: Հանդիպումից ի՞նչ եզրահանգման եկաք՝ կառուցողական դաշտ կտեղափոխվի՞ քննարկումը, թե ոչ:

-Առաջինը նշեմ, որ տեսանյութը, որ դրվեց շրջանառության մեջ, պարունակում էր միայն հանդիպման առաջին 20 րոպեն. մենք ուղիղ եթերով հայտարարություն տարածեցինք, որ 2 ժամանոցը պետք է դրվի: Սկզբում ելնելով հանդուրժողականությունից, հաշվի առնելով նաև թե՛ տարիքային, թե՛ պաշտոնական ամբողջ սուբորդինացիան, փորձելով լինել կոնստրուկտիվ՝ մենք ուղղակի լսում էինք, դրանից հետո փորձեցինք մեր մտահոգություններն արտահայտել, նույնիսկ մեզ մի պահ վատ զգացինք, երբ որ ընդհատում էինք իրենց, բայց այլ ճանապարհ չունեինք: Սա տեսանյութի հետ կապված: Երկրորդը՝ մենք գիտեինք, որ մեր բանակցող կողմը լինելու է վարչապետը, բայց բարձրանում ենք վերև և տեսնում ենք, որ բանակցելու եկել են Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը, այն դեպքում, երբ երկու նախարարություններից էլ հայտարարություն է եղել, որ նրանք մեր հետ էլ խոսելու ոչինչ չունեն։ Իսկ կոնկրետ հանդիպման արդյունքների մասին կասեմ, որ մենք անթույլատրելի ենք համարում նման բովանդակությամբ օրենքի ընդունումը և այդ հարցում մենք զիջման չենք կարող գնալ, դա մեր սկզբունքն: Հաճախ վերնագրում դրվում է, որ ուսանողները հրաժարվեցին մասնակցել քննարկումների, սա իրականության ոչ ճիշտ մեկնաբանում է: Ուսանողները հրաժարվել են մասնակցել օրենքի ընդունումից հետո հնարավոր քննարկումներին:

-Այս պահին ի՞նչ փուլում է նախաձեռնությունը, և որքա՞ն կտևի այն:

-Դասադուլը շարունակվելու է, դասադուլն անժամկետ է: Մենք շատանում ենք, իսկ դա շատ լավ է: Դրա հետ մեկտեղ նոր մտքեր գաղափարներ են գալիս: