Ճոճկանի մանկապարտեզից Ալավերդու ԲԿ տեղափոխված 5 երեխաներից մեկն արդեն դուրս է գրվել. Մանուշ Հակոբյան
Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզից աղիքային ինֆեկցիայով Ալավերդու բժշկական կենտրոն տեղափոխված երեխաների վիճակն այս պահին կայուն է, դրական տեղաշարժ կա, այս մասին Tert.am- ի հետ զրույցում հաղորդեց Ալավերդու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի մանկաբույժ Մանուշ Հակոբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ երեխաներից մեկին արդեն դուրս են գրել հիվանդանոցից։
«Այսօր ևս մեկ երեխայի դուրս կգրենք, իսկ մնացած երեք երեխաների առողջական վիճակն այս պահին բավարար է: Նրանք մեզ մոտ տեղափոխվել են սուր աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ, բայց նախնական անալիզով որևէ մանրէ չի հայտնաբերվել»,- ասաց Մանուշ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում վերջին օրերին երեխաների թունավորման դեպքեր են գրանցվել. սուր աղիքային ինֆեկցիայով Ճոճկանի մանկապարտեզի 10-ից ավելի սաներ էլ բուժում են ստանում նաև Վանաձորի և Նոյեմբերյանի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում:










