Ղրղզստանում հարսանիքի մասնակիցները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա (տեսանյութ)

17:39 • 10.11.17

Ղրղզստանի Ջալալաբադ քաղաքում հարսանիքի հյուրերը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարձակվել են ոստիկանության պարեկային մեքենայի վրա, այս մասին գրում է lenta.ru-ն:

Իրենց ուրախությունը բավականին բուռն արտահայտող հարսանքավորները զգուշացում են ստացել իրավապահներից, որոնք խնդրել են չաղմկել, ինչից հետո շուրջ 10 մարդ հարձակվել է նրանց վրա:

Հարբած ամբոխին ուշքի բերելու համար ոստիկանները ստիպված են եղել օդ կրակել, սակայն դա էլ չի օգնել: Իսկ երբ ոստիկանները փորձել են իրենց հետ տանել անկարգության հեղինակներից մեկին, ամբոխը հարձակվել ու սկսել է հրել պարեկային մեքենան: Նրանք նաև շրջապատել են ոստիկանական մեկ այլ մեքենա՝ թույլ չտալով հեռանալ:

Արդյունքում 15 կարգազանց բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, նրանցից 5-ը պատիժ կկրի երկամսյա ազատազրկման տեսքով: Խմբի մնացյալ 10 անդամները ենթարկվել են դրամական տույժի և կալանքի տակ կանցկացնեն 5 օր: