Ավագանու կայացրած որոշումները մինչ մարտի 31-ը գործում են. Վանաձորի քաղաքապետի խոսքով՝ ինքն օրենքին հակառակ ոչինչ չի արել

17:27 • 10.11.17

Վանաձորի ավագանու կայացրած որոշումները մինչ մարտի 31-ը գործում են, մի անհանգստացեք. Սահմանադրական դատարանի հրապարակած վճռից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով պնդեց, թե ինքը և ավագանին չեն գործել օրենքին հակառակ՝ նիստեր գումարելով:

««Լուսավոր Հայաստանը» և պատգամավորները դիմել էին, որ հակասահմանադրական ճանաչվեն 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը: 3-րդ կետի մասով ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, այսինքն՝ իրավազորության քվորումի մասով, որ ՀՀ Սահմանադրության հետ համահունչ չի օրենքի այդ կետը: Բայց դա չի նշանակում, որ ես գործել եմ օրենքին հակառակ, որովհետև տվյալ պահին գործող օրենքը հենց դա էլ պահանջում էր»,-ասաց նա:

Ըստ Ասլանյանի՝ այդ դրույթը, երբ որ հակասահմանադրական է ճանաչվում, դրանից բխող կայացրած որոշումները հակասահմանադրական են դառնում, բայց նշված ժամկետից հետո:

«Այսինքն՝ մինչև մարտի 31-ը գործում են, դրանից հետո եթե չհամապատասխանեցվեն ԱԺ-ի կողմից և մեր կողմից, արդեն այն ժամանակ չեն գործի,-ասաց նա,- եթե ՍԴ-ն գտնում է, որ 64 հոդված երրորդ կետը Սահմանադրությանը հակասում է, իսկ այդ կետով մենք նիստեր ենք գումարել, բնականաբար այդ նիստերի ընթացքում ընդունած որոշումները պետք է ճանաչվեն Սահմանադրությանը հակասող: Բայց մարտի 31-ից հետո նոր չեն գործի, որ նոր իրավական վակուում չառաջանա. դրա համար ՍԴ-ն ժամկետ է տվել»։

Դիտարկմանը, թե ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բոլորովին այլ կերպ է մեկնաբանում և նշում է, որ ՍԴ որոշումը ենթադրում է, որ ավագանին լուծարվում է, և Վանաձորում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, Վանաձորի քաղաքապետը հակադարձեց. «Մարուքյանը Սահմանադրական դատարան հո չի՞, որ մեկնաբանի, Մարուքյանին ի՞նչ կա, ինչ ուզի՝ էն էլ կխոսի, Մարուքյանի խոսքերը պաշտոնական դիրքորոշում չեն»:

Նա նշեց, թե ինքը բնականաբար շարունակում է լինել քաղաքապետ, և որևէ նոր ՏԻՄ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող:

«Բնականաբար ՍԴ-ն նաև մերժեց 69-րդ հոդվածը. իրենք ներկայացրել էին պրիտենզիա, որ 69 հոդվածի համապատասխան ավագանու լիազորությունները պետք է կրճատվեին, ավագանին պետք է ցրվեր, ՍԴ-ն դա ուժի մեջ թողեց, այնպես որ իրենց մեկնաբանություններն այս պահին այլ բան չեն նշանակում, բացի մեկնաբանություն կամ կարծիք արտահայտելուց»,-ասաց նա:

Ավելի հստակ լինելու համար՝ Մամիկոն Ասլանյանը բացատրեց. «Հիմա ոնց որ կանաչ լույսի տակով մեքենայոց անցնեք, ու հետո ասեն, որ այդ պահին այդտեղ պետք է կարմիր լույս վառած լիներ, բայց քանի որ այն ժամանակ կանաչ լույս է եղել, Դուք անցել եք. այժմ պիտի էլ չանցնեք, պետք է համապատասխանեցվի, քանի որ այնտեղ ուրիշ լույս պիտի վառվեր: Հիմա այդ պահին, որ դու տեսել ես՝ դա կանաչ լույս է, քո գործողությունների մեջ ո՞րն է անօրինական: Անօրինական բան ես որտեղի՞ց կարող էի անել. եթե ես անօրինական բան արած լինեի, կոնկրետ իմ որոշումները կվիճարկեին, բայց իրենք վիճարկում էին օրենքի այն դրույթը, որի հիման վրա ես նիստեր եմ գումարել։ Եթե նիստեր եմ գումարել, այդ նիստերը օրինական չէին կարող չլինել, որովհետև այդ պահին գործող օրենքն է դա թելադրել»,-ասաց նա:

Մամիկոն Ասլանյանը նշեց, որ մինչև մարտի 31-ը ԱԺ-ն պետք է փոփոխություն մտցնի, և ըստ այդմ էլ իրենք որոշեն անելիքները:

«Դե կտեսնենք՝ ինչ փոփոխություն են մտցնում, դրան համապատասխան էլ մենք մեր փոփոխությունը կպլանավորենք. այս պահին չեմ կարող հիպոթետիկ հայտարարություն անել»,-ասաց նա:

Իսկ թե նոր նիստեր մինչև մարտի 31-ը չե՞ն գումարելու, քաղաքապետը նշեց. «Ճիշտն ասած ՍԴ-ի որոշումը չենք ստացել, ես չեմ կարող այս պահին ուղիղ մեկնաբանություն տալ դրան»: