Ռուսներն առաջարկել են «հինգ կին» ուղարկել Թրամփի հյուրանոցային համար. ԱՄՆ նախագահի նախկին թիկնապահը վկայություն է տվել Կոնգրեսում
2013թ. Մոսկվայում կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին նախորդած գործնական հանդիպումից հետո ռուսական կողմի ներկայացուցիչն առաջարկել է միանգամից «հինգ կին» ուղարկել մոսկովյան այն հյուրանոցային համար, որտեղ կանգ էր առել այն ժամանակ դեռ միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը:
Ինչպես նշում է nbcnews.com կայքը, այս մասին Կոնգրեսում պատմել է տևական ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահոված և սեպտեմբերին աշխատանքից դուրս եկած թիկնապահ Քիթ Շիլերը:
Նրա պնդմամբ՝ ինքն առաջարկը որպես կատակ է ընդունել ու անմիջապես պատասխանել, որ «իրենք նման բաներ չեն անում»:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ բրիտանացի նախկին հետախույզը հրապարակել էր Թրամփի դեմ ուղղված դոսյե, որում ասվում է, որ Միացյալ Նահանգների ապագա ղեկավարը 2013թ. Մոսկվա կատարած այցի ժամանակ օգտվել է մարմնավաճառների ծառայություններից:
Կոնգրեսում խոսելու ժամանակ Շիլերը մանրամասնել է, որ ինքը ռուսների առաջարկի մասին պատմել է Թրամփին և նրանք երկուսով ծիծաղել են, ինչից հետո նրանցից յուրաքանչյուրը միայնակ է մտել իր հյուրանոցային համար:
Թիկնապահը նաև նշել է, որ բավական երկար ժամանակ կանգնել է Թրամփի դռան մոտ, ու սենյակ մտնող ոչ մի կին էլ չի տեսել: Բացի այդ, Շիլերն ու Թրամփը քաջ գիտակցել են այն ռիսկը, որ Մոսկվայի հյուրանոցների համարներում կարող են գաղտնի տեսահսկման տեսախցիկներ տեղադրված լինել:
Հայտնի է, որ Շիլերը Թրամփի մոսկովյան այցի առնչությամբ 4 ժամանոց վկայություն է տվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամների առաջ:










