Հնարավոր է եվրոպական երկիր կառուցել անգամ եվրասիական տնտեսական տարածքում. Արմեն Աշոտյան
Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել նոյեմբերին, լրջագույն փաստաթուղթ է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ չհամաձայնելով Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի տեսակետի հետ, թե համաձայնագիրը ներկա իրողությունների թարմացման փաստաթուղթ է, ոչ թե «ափգռեյթ»:
«Չի կարող այս փաստաթուղթը դիտվել «ափդեյթ», սա բացարձակ «ափգռեյթ» է` պատմաժամանակային առումով, բովանդակային առումով ևս: Այո, գուցե, հիմնական գերակայությունները, ուղղությունները նույնն են, 99 թ.-ի փաստաթուղթը չի կարող ջնջվել, բայց սա ակնհայտ առաջընթաց է, կարևոր հաջողություն»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նա հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը, որը չնախաստորագրվեց 2013թ.-ին:
«Համաձայնագրի քաղաքական հատվածը մենք պատրաստ էինք ստորագրել Վիլնյուսի գագաթնաժողովին, որը չի տարբերվում այսօրվա փաստաթղթի քաղաքական հատվածից: Այդ ժամանակ Ուկրաինայի համար Եվրամիությունը բացառություն արեց, բայց Հայաստանի համար` ոչ: ԵՄ-ում բավական ճկուն չգտնվեցին, բայց անկախ այդ պայմանագրի գոյությունից, մենք երկրում խորքային բարեփոխումներ իրականացրինք: Մենք ակնհայտ առաջ ենք Ուկրաինայից ու Մոլդովայից: Վերցրեք, համեմատեք ցուցանիշները` մենք մեր ռեֆորմներով զիջում ենք միայն Վրաստանին: Բայց մենք չենք անում աշխատանք, որ ԵՄ պաշտոնյաները դրական արտահայտվեն երկրի մասին, մեր մասին, ոչ, մենք անում ենք, որովհետև քաղաքացիների կյանքը բարելավելու համար եվրոպական մոդելից լավ մոդել Հայաստանում կիրառելի չենք տեսնում: Կարծում եմ, որ հնարավոր է եվրոպական երկիր կառուցել անգամ եվրասիական տնտեսական տարածքում»,- շեշտեց Արմեն Աշոտյանը:
Նա ասաց, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատված կա, որը ցույց է տալիս, որ ԵՄ-ն այս հարցում բանակցված բանաձև ունի, իսկ սա շատ կարևոր է, որովհետև արտահայտված է 28 հզոր պետությունների կարծիք:
«1,5 – 2 տարի հետո Եվրամիությունն Ադրբեջանի հետ չի կարողանա ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ Արցախի մասին ուրիշ բան գրված լինի, իրարամերժ բանաձևումներ կլինեն: Մենք բովանդակային հարց ենք լուծում այս համաձայնագրով, հայկական մոտեցումների բանաձևն ենք ամրագրում. սա պակաս կարևոր չէ, քան ֆինանսական ռեսուրսները»,- ասաց Աշոտյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հակադարձեց Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը 2013թ.-ին պատրաստ էր Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:
«Դուք Ուկրաինայի հետ եք համեմատում, ասում եք, թե Ուկրաինային թույլ տվեցին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց դուք գիտեք, որ դեպրեսիվ, խորը հիասթափություն կար ԵՄ կողմից Հայաստանի նկատմամբ: Հայաստանից ոչ մեկ նման բան չէր սպասում: Հայաստանը մինչև վերջին րոպեն ԵՄ հետ բանակցում էր և շատ լավ գիտեր, որ այն անհամատեղելի է Մաքսային միության հետ, բայց գնաց ու ասաց, որ ստորագրում է մյուս անհամատեղելի փաստաթուղթը: Դրա համար եղավ ադեկվատ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Հայաստանն այդ օրերին այնպիսի քննադատություններ ստացավ, որ սկսեցին հայտարարել, թե քաղաքական մասը առանձնացրեք, գանք ստորագրենք: Մենք խայտառակ եղանք այդ ժամանակ» ,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանը ժամանակ կորցրեց, երբ 2013թ.-ին չստորագրեց այդ համաձայնագիրը՝ սպասելով, որ 2017թ.-ին մշակվի նորը: Ավելին` ըստ Մարուքյանի, Հայաստանը հետընթաց գրանցեց քաղաքացիական ազատությունների, ժողովրդավարության, ընտրությունների արդարության և այլնի տեսանկյունից:
«Դուք որ համեմատում եք Հայաստանը Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հետ, ինչո՞ւ եք համեմատում, այդ երկրներում ընտրություններն անցել են խախտումներո՞վ, զանգվածային փող են բաժանել, որ գնան իրանց ընտրե՞ն: Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում խայտառակ վիճակում է, քրեական հետապնդում է գնում քաղաքացիների նկատմամբ, ոստիկանությունը բռնություն է կիրառում, իսկ տնտեսությունը մենաշնորհված է»,- ասաց Մարուքյանը:










