Խորհրդարանում ով ինչպես է քվեարկել «թեժ» օրինագծերին
Parliamentmonitoring.am կայքում տեղադրվել է գործիք, որով կարելի է տեսնել «թեժ» օրինագծերի քվեարկությունների ժամանակ այս կամ այն պատգամավորի քվեարկությունը:
ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի քվեարկել Զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծին, կողմ է քվեարկել հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրին, ԵԱՏՄ անդամակցության դադարեցմանը՝ «դեմ»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արգամ Աբրահամյանը «կողմ» է քվեարկել Զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծին, Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագրին չի քվեարկել, ԵԱՏՄ անդամակցության դադարեցման մասին «Ելքի» -ի օրենսդրական նախաձեռնության ու հավաքների ազատության մասին նախագծի քվեարկության ժամանակ եղել է բացակա, ինչպես նաև բացակայել 2016թ. բյուջեի կատարողականի մասին հաշվետվությանը:
Հիշեցնենք, որ 2016 թ. բյուջեի կատարողականը գոնե մինչև տարեվերջ առնչվում էր Արգամ Աբրահամյանի հորը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Արգամ Աբրահամյանը չի քվեարկել նաև կառավարության կառուցվածքի մասին նախագծին:
Նույն խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը Զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծին «կողմ» է քվեարկել, «դեմ»՝ հավաքների ազատության մասին օրենքում կատարված լրացումներին ու փոփոխություններին, տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքի մասին օրենսդրական նախաձեռնությանը չի քվեարկել, բացակայել է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի, ԵԱՏՄ անդամակցության դադարեցման, 2016-ի բյուջեի կատարողականի հաշվետվության, կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների քվեարկություններին:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ կերպ է քվեարկել. «կողմ» ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցմանը, հավաքների ազատության մասին օրենքի նախագծին, «դեմ»՝ Զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծին, Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելուն, կառավարության կառուցվածքի մասին նշյալ նախագծին:
«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը «կողմ» է քվեարկել Զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծին, չի քվեարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի և ԵԱՏՄ անդամության դադարեցմանն առնչվող քվեարկություններին։
Դաշնակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը կողմ է քվեարկել բոլոր վերը նշված բոլոր նախագծերին, բացառությամբ՝ ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու օրենք նախագծի:
Թեժ օրինագծերի «կողմ» քվեարկություններով առանձնացել է նաև «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ բոլոր վերը նշված նախագծերին «կողմ» քվեարկելով, բացառությամբ ԵԱՏՄ անդամակցության դադարեցմանը:










