Ընտանեկան բռնության թեմայով դպրոցում շարադրություն հանձնարարելու տեղեկությունը կուսումնասիրվի. քաղաքապետարան

21:58 • 11.11.17

Գրող, հրապարակախոս, «Մայրազոր» միության ղեկավար Ռուզան Ասատրյանը ահազանգել էր, որ ըստ տեղեկությունների` Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում հանձնարարել են երեխաներին ընտանեկան բռնության թեմայով շարադրություններ գրել:

Խնդրի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանից:  Նա հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը, «Վորլդ Վիժն» կազմակերպությունը և Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող տասը դպրոցներ ունեն համագործակցության հուշագիր, որի շրջանակներում` նախատեսել են շարադրություններ, միջոցառումներ անցկացնել: Չնայած դրան նա ասաց, որ այդ թեմայով շարադրություն հանձնարարելու հարցը պետք է ճշտել քաղաքապետարանից, քանի որ նրանք հուշագրի կողմ են:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կրթության նախարարությունը ամեն դեպքում նորմալ է գնահատում նման թեմայով շարադրություն գրել հանձնարարելը, նա ասաց, որ դա հանրակրթության վարչությունը պետք է պատասխանի:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից որևէ նման հրահանգ տրված չի եղել նման թեմայով շարադրություն գրելու հետ կապված:

«Ուսումնասիրվում է, որպեսզի պարզվի, թե արդյոք դա համապատասխանում է իրականությանը և եթե այո, ապա ով է այդ նախաձեռնությունը  իրականացրել: Եթե նման բան տեղի է ունեցել կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,-ասաց նա:

Արթուր Գևորգյանը դժվարացավ ասել, թե «Վորլդ Վիժն» կազմակերպությունն ինչ միջոցառումներ է նախատեսել: «Այո, կա հուշագիր ստորագված, սակայն դա չի նշանակում, որ հուշագրի շրջանակներում ով ինչ ուզի, ինչպես ուզի պետք է իրականացնի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է թե ինչ դիրքորոշում ունի քաղաքապետարանը նման թեմայով շարադրություններ երեխաներին հանձնարարելու համար, նա ասաց, որ կդժվարանա քաղաքապետարանի անունից հայտարարություն անել, սակայն իր անձնական դիրքորոշումը խիստ բացասական է: