Պուտինն ու Թրամփը համատեղ հայտարարություն են տարածել Սիրիայի վերաբերյալ

11:52 • 11.11.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը վերահաստատել են իրենց վճռականությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու հարցում:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին ասվում է ղեկավարների համատեղ հայտարարությունում, որում նաև նշվում է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը համակարծիք են այն հարցում, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Ria.ru-ն հավելում է, որ հայտարարությունը տարածվել է Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում երկու ղեկավարների կարճատև շփումից հետո:

«Թե՛ Պուտինը, թե՛ Թրամփն իրենց հավատարմությունն են վերահաստատել Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը»,-նշվում է հայտարարությունում:

Բացի այդ, նախագահները կոչ են արել սիրիական հակամարտության բոլոր կողմերին ակտիվ մասնակցել ժնևյան բանակցություններին, որոնց նպատակը հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելն է:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, որ համատեղ հայտարարության տեքստը կազմել են երկու երկրների փորձագետները, ինչից հետո փաստաթուղթը համաձայնեցվել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: