United Airlines-ը մառախուղի պատճառով դադարեցրել է թռիչքները Նյու Դելի
Ամերիկյան United Airlines ավիաընկերությունը հայտարարել է մառախուղի պատճառով Հնդկաստանի մայրաքաղաք իր բոլոր թռիչքները դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում է CNN-ը վկայակոչելով ավիափոխադրողի ներկայացուցչին:
Նրա խոսքերով՝ «չվերթները չեղարկվում են առնվազն մինչև նոյեմբերի 13-ը»: Ուղևորները կարող են առանց լրացուցիչ վճարի փոխանակել տոմսերը մինչև նոյեմբերի 18-ն իրականացվող չվերթի հետ:
«Մենք խորհուրդ ենք տալիս հետաձգել Նյու Դելի ուղևորությունը, քանի որ այնտեղ արտակարգ դրություն է պահպանվում»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Հնդկաստանի մայրաքաղաքն օդի աղտոտվածության առնչությամբ արտակարգ դրություն է հայտարարել և արգելել քաղաք բեռնատարների մուտքն ու շինարարական աշխատանքները նոյեմբերի 7-ից անընդմեջ քաղաքում տիրող վտանգավոր մառախուղի և ժամ առ ժամ վատթարացող օդի որակի պատճառով:
Ճգնաժամի պատճառը Նյու Դելին շրջապատող ֆերմերային տնտեսություններում հունձքն անօրինական կերպով այրելու գործողություններն են, սահմանափակ հանրային տրանսպորտ ունեցող քաղաքում ավտոմեքենաների արտանետումները և շինարարական փոշին:
Քաղաքում շաբաթվա ընթացքում փակվել են դպրոցները: Չորեքշաբթի քաղաքային իշխանություններն արգելել են բեռնատարներին մտնել քաղաք, հրահանգել են դադարեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները, իսկ ավտոկայանատեղիների վճարները քառապատիկ բարձրացվել են:










