Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո երկրում աճել են ատելության դրսևորումները կրոնական փոքրամասնությունների դեմ. Մեջլիսի հայազգի պատգամավոր

15:30 • 12.11.17

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը թուրքական politikyol.com կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում երկրում աճել են ատելության դրսևորումները կրոնական փոքրամասնությունների դեմ, ընդ որում՝ դա վերաբերվում է թե՛ հասարակական դրսևորումներին, թե՛ մամուլին և թե՛ պաշտոնյաների հռետորաբանությանը:

Հայազգի պատգամավորը շեշտել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հիմնադրված «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին թեև մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացվեցին և կրոնական փոքրամասնությունները՝ այդ թվում հայ համայնքը, կարողացավ ետ ստանալ իր կորցրած գույքի մի մասը, սակայն մյուս կողմից սահմանափակվեց հայկական հիմնադրամների ղեկավարներին ինքնուրույն և առանց պետության միջամտության ընտրելու իրավունքը:

Բացի դրանից՝ Դողանը շեշտել է նաև շեշտել է պատրիարքի ընտրության մասին, որը պարբերաբար խոչընդոտվում է պետության կողմից:

Պատգամավորը նշել է, որ պետությունը պարբերաբար հետաձգելով հարցը առիթ է ստեղծում հայկական համայնքի ներսում տարբեր ներքին վիճաբանությունների ու լարված մթնոլորտի:

Նշենք, որ վելի վաղ Դողանը խորհրդարանում բարձրացրել էր թուրքական մամուլում հայերի հանդեպ ատելության դրսևորման մասին նյութերի մտահոգիչ վիճակագրության հարցը։ Հայազգի պատգամավորն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ ժողովրդի շրջանում ատելության սերմանման հարցում մեծ դեր ունի քաղաքական գործիչների ընտրած հռետորաբանությունը, Դողանը կոչ է արել պատգամավորներին այսուհետ ավելի ուշադիր և նրբանկատ գտնվել իրենց կիրառած բառերի ու արտահայտությունների հարցում։