Քիքբոքիսինգի Եվրոպայի երկակի չեմպիոնը հարևանին ծեծելուց հետո տեղափոխվել է հոգեբուժարան, բայց հարևանները վախենում են նրա վերադարձից

19:32 • 13.11.17

 Րաֆֆու 77 հասցեի 4 շենքի բնակիչներ ահաբեկված են իրենց հարևանից՝ քիքբոքսինգի Եվրոպայի երկակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանից, որը երեկ ծեծել է նույն շենքի բնակիչ Սամվելին, ապա տեղափոխվել է հոգեբուժարան: Հարևանները վախենում են, որ նա այնտեղից դուրս գալուց հետո իրենց հետ հաշվեհարդար կտեսնի:

Tert.am–ը, նախ, զրուցեց տուժող Սամվել Պետրոսյանի հետ, որը երեկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արամյանց բժշկական կենտրոն, որտեղ  նրա շրթունքին դրվել էր 8 կար, ունի քթի կոտրվածք, աչքերի շրջանում կապտուկներ, ցավեր կրծքավանդակի ոտքի ու մեջքի շրջանում:  Տուժողը պատմեց, թե ինչ հողի վրա է ծագել վիճաբանությունը:

«Որ իրան  ասում ենք՝ կամաց խոսի, չի կարելի գոռալ, քֆուր տալ, մյուս, մյուս, դրանից ոնց որ ներվայնություն էր առաջացել մոտը,  գնաց, շենքի հետևում բռնացրեց, ասեց` եկեղեցի գնացե՞լ ես, ասում եմ՝ չէ, ու տենց» ,-պատմեց տուժողը:

Նրա խոսքով՝ ամեն կերպ խուսափում էին քիքբոքսինգի չեմպիոնի հետ կոնֆլիկտներից, բայց նա իրեն անտանելի է պահում, բոլորին կոպտում է, ասում է՝ «սաղիդ դաստիարակելու եմ»։

«Վախենում են իրա դեմը հելնեն, երեխեքը իջնում, ուրիշ տեղ են խաղում: Բակում լողանում է, ասում են` չի կարելի, ինքը էլի անում ա: Ասում է սաղդ բակի «բիչոկները» հավաքելու եք, էս գեղացիք եկել են ստեղ և այլն, և այլն»,-շարունակեց մանրամասնել տուժողը:

Նրա խոսքով՝   Սերգեյ Պետրոսյանը հաշվառված է որպես հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձ, մի քանի անգամ ինքն է նրան տարել հոգեբուժարան: Ինչ վերաբերում է հարցին, թե ծեծողի ընտանիքի անդամներն ինչ դիրքորոշում ունեն, արդյոք նրանց հետ հաշվեհարդար չի՞ տեսնում, Սամվելն ասաց. «Իրա ընտանիքի անդամներին վախեցնում ա, մորն ասում ա` եթե զանգես, գան հետևիցս, 24 օրից հետ եմ գալու, կգամ, կմորթեմ: Կամ՝ փող տուր, թե չէ կմորթեմ»:

Մեկ այլ հարևան էլ, որ վախենալով չեմպիոնի տուն վերադառնալուց հետո հաշվեհարդարից, գերադասեց իրական անուն-ազգանունով հանդես չգալ, պատմեց, որ  առաջին դեպքը չէ, որ Սերգեյ Պետրոսյանը  մարդ է ծեծում, մինչ այս բակում մի տղամարդու և կնոջ է ծեծել, որը պարտք է եղել իր մորը:

Այնպես որ, նշված հասցեի բնակիչները հիմա մեկ հարցի պատասխան են ուզում ստանալ՝ ի՞նչ է լինելու իրենց հետ, երբ չեմպիոնը 24 օր հետո վերադառնա:

Tert.am –ի հետ զրույցում ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Արեգա Հակոբյանը հայտնեց,թե նման դեպքերում ինչ ընթացակարգ կարող է լինել: Մասնավորապես, ըստ նրա՝ նման բան չկա, որ հիվանդը 24 օր հետո պետք է դուրս գա հիվանդանոցից:

«Նա պետք է այնքան բուժում ստանա, մինչև որ բարելավում նկատվի նրա մոտ. 24 օր , 40 օր, ինչքան որ պետք է: Հիմա, եթե հիվանդը դուրս է գրվում, եթե նա դեղեր չի խմում, իրեն հետևող չկա, կարող է նրա մոտ վիճակը սրվի: Դրա համար, եթե նա խուլիգանություն է անում, անկախ նրանից՝ հիվանդ է, թե չէ, ծեծում, ջարդում, վնաս է տալիս, իրավապահ մարմինները պետք է գործ հարուցեն, դատաբժշկական փորձաքննություն իրականացնեն՝ պարզելու միջադեպի ժամանակ նա մեղսունակ եղե՞լ է։ Եթե ճանաչվի անմեղսունակ, հիվանդի նկատմամբ նշանակվում է հարկադիր բուժում:

Նշենք, որ մեղսունակ ճանաչվելու դեպքում էլ անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: