Դատախազը 7 տարվա ազատազրկում պահանջեց Սամվել Բաբայանի համար

12:39 • 13.11.17

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Նշված գործով դատաքննությունն ավարտվել է։

Այսօրվա նիստին դատախազ Արամ Արամյանը ներկայացրեց Բաբայանի մեղադրական ճառը,համաձայն որի՝ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա դրդել է մի խումբ անձանց փոխադրել և պահել այդ զենքը։ Բաբայանը մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով կեղծ թղթադրամներ ձեռք բերելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը ներկոտված 5000 եվրո թղթադրամը փորձել է մաշեցնել և դնել շրջանառության մեջ։

Նշված գումարների նմուշային օրինակները մաքրել տալու համար ձեռնամուխ եղած Սանասար Գաբրիելյանին, ով նույնպես ամբաստանյալ է, հայտնաբերելուց հետո, Բաբայանը փորձեր է արել շեղել քննությունը։

Ինչ վերաբերում է «Իգլա» ձեռք բերելուն,մեղադրողը ներկայացրեց,որ նյութապես շահագրգռելով Սանասար Գաբրիելյանին`  խոստացել է  նրան տալ 50000 եվրո,որպեսզի հանցավոր մտադրությունն իրականացնի։

Մեղադրանքից հետո դատախազ Արամյանն ասաց, որ պաշտպանական կողմի մարտավարությանը.«Մինչ օրս պաշտպանական կողմը անհաջող փորձեր է կատարել նախաքննության,դատաքննության վրա ստվեր նետելու համար։ Նկատի ունենալով, որ նման գործելակերպը միտված է գործով ձեռքբերված ապացույցների վերաբերյալ, թյուր կարծիք ձևավորելու,այլ նաև թյուր հասարակական կարծիք ձևավորել։ Դրա համար անդրադառնամ առանձին ցայտուն դրսևորումներին։ «Իգլա» զենիթահրթիռային համալիրի խողովակը Սամվել Բաբայանն ու նրա պաշտպանը ներկայացնում են որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով ասած՝ «տռուբա»։Սակայն դեռևս նախաքննության փուլում հաստատվել է,որ այն զենիթային հրթիռով համարվում է զինամթերք։ Առնվազն անհասկանալի է,որ երկար տարիներ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մարդը զենիթահրթիռային համալիրը չի տարբերում անպիտան «տռուբայից»»,-ասաց մեղադրող դատախազը։

Նա նաև հիշեցրեց դատարան հրավիրված փորձագետի հարցաքննությունն ու փորձագետի եզրակացությունը,համաձայն որի՝ «Իգլա»-ի խողովակն ու հրթիռը հանդիսանում են ռազմամթերք։ 

Նշենք,որ փորձագետ Արթուր Հասրաթյանը դատարանում հայտնել էր,որ խողովակն ու հրթիռը, եթե համալրվեն համապատասխան սարքավորմամբ,ապա այն հնարավոր կլինի օգտագործել ըստ նշանակության։

Դատախազն անդրադարձավ նաև ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի այն հայտարարությանը,թեիրեն ԱԱԾ-ում ասել են,որ եթե չխոստովանի,որ առնչություն ունի Սամվել Բաբայանի հետ,ապա տարիներ առաջ կատարված սպանությունը կբարդեն իր վրա։ Դատախազն ասաց,որ Սանասար Գաբրիելյանի նկատմամբ ոչ մի գործողություն չի կատարվել առանց իր պաշտպանների ներկայության,իսկ ողջ դատաքննության ընթացքում Գաբրիելյանի պաշտպանները իրավապահների ոչ պատշաճ գործողություններ անելու մասին որևէ հայտարարություն չեն արել։

Ըստ մեղադրանքի՝ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնության գալով, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր են ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել։

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը`  դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Դատախազն ասաց.«Ամբաստանյալները տարբեր ցուցմունքներ են տվել,դրանք հակասում են միմյանց,ինչը նպատակ ունի խեղաթյուրել իրականությունն ու ազատվել քրեական պատասխանատվությունից։

Դատախազը ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջեց 4 տարի ազատազրկում «Իգլա»-ի ձեռքբերման համար, 4 տարի` փողերի լվացման համար և պահանջեց վերջնական 7 տարվա ազատազրկման դատապարտել Սամվել Բաբայանին։

Սանասար Բաղդասարյանի համար դատախազը պահանջեց 4 տարվա ազատազրկում,Դավիթ Հարությունյանի համար՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանի համար՝ 2 տարվա ազատազրկում,սակայն պահանջեց այն պայմանականորեն չկիրառել սահմանելով երեք տարվա փորձաշրջան։Նույնը պահանջեց նաև Անդրանիկ Քոչարյանի համար, Կարեն Քոչարյանին ու Արմեն Պողոսյանին պահանջեց դատապարտել 3 տարվա ազատազրկման։