Նույն ենթադրյալ գործի մասին տարբեր ժամանակ է վճիռ կայացվելու. Հայկ Ալումյանը միջնորդեց ՊՊԾ գնդի 3 գործը քննել մեկ վարույթում

17:13 • 13.11.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով գործը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Գործով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:

Այսօրվա նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց երեք անջատ մասերն իրար միացնելու և մեկ վարույթում քննելու միջնորդություն՝ հիմնավորելով, որ գործի մեկ վարույթում քննելը բխում է արդար դատաքննության շահերից:

«Միջնորդությունս վերաբերում է գործերը մեկ վարույթում միացնելուն: Ձեր վարույթում է գտնվում ՊՊԾ-ի մեկ գործ, մի մասը գտնվում է Արթուր Օհանյանի վարույթում, մյուսը՝ Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Նշված երեք քրգործերը վերաբերում են նույն ենթադրյալ դեպքին, ամբաստանյալներին մեղսագրվում են ՊՊԾ տարածքը գրավելու և այդ տարածքում մինչև հուլիսի 31-ն իրականացված գործողություններ: Նույն գործով անցնող վկաներից յուրաքանչյուրը պետք է հարցաքննվի առնվազն երեք անգամ: Ավելին՝ ամբաստանյալներից յուրաքանչյուրը, բացի այն գործից, որը քննվում է իր վերաբերյալ, պետք է ցուցմունք տա նաև մյուս գործերով»,-ասաց Ալումյանը:
 
Նրա խոսքով՝ այդ բոլոր հարցաքննությունների արդյունքները կարևոր են լինելու ոչ միայն այն գործի համար, որի համար հարցաքննվել են, այլ նաև մյուս երեք գործերի համար: Ալումյանը նշեց, որ եթե միևնույն ամբաստանյալի կամ վկայի ցուցմունքները տարբերվեն տարբեր գործերով հարցաքննվելիս, ընդ որում այդ ցուցմունքների տարբերությունը կարող է առաջանալ ոչ միայն անբարեխղճության պատճառով, այլ պայմանավորված լինել տարբեր հարցադրումներով, ակնհայտ խախտումներն ավելի անխուսափելի կլինեն:

«Էլ ավելի ակնհայտ խախտումներ անխուսափելիորեն տեղի են ունենալու դատավճիռներ կայացնելու փուլում: Այսպես, եթե դատավարությունների ընթացքի ու արդյունքների մասին երեք դատավորների միջև չկա նախնական պայմանավորվածություն, իսկ ես հույսով եմ, որ չկա, ապա ենթադրվում է, որ այդ երեք դատավարություններն ավարտվելու են տարբեր ժամանակներում: Այն գործով, որը կավարտվի ավելի շուտ, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ անունից հաստատված է համարելու որոշակի հանգամանքներ, բացի այդ, գնահատականներ է տալու գործի որոշակի ապացույցներին և այլն»,-ասաց Ալումյանը:

Փաստաբանը նկատեց, որ այն գործերով, որոնք այդ պահին ավարտված չեն լինելու, երբ այդ նույն հանգամանքներն ու ապացույցները, որոնք տվյալ գործով դեռևս վիճարկվում են, արդեն ՀՀ անունից գնահատվել են որոշակի ձևով, արդեն դատավճիռ կա:

«Ավելի պարզ բացատրեմ, երբ մենք դեռ ապացույցներ ենք վիճարկում, այդ նույն ժամանակ պարոն Արտուշ Գաբրիելյանը արդեն իր գնահատականները տվել է այդ նույն ապացույցներին: Այսպիսով, հենց այդ պահից սկսած, երբ մեկ դատավճիռ լինի, խախտված է լինելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված    անմեղության կանխավարկածը»,-ասաց Ալումյանը՝ հավելելով, որ հետագա գործողությունները ձևական բնույթ են կրելու:

«Վերը նշված դժվարություններից ու ամբաստանյալների իրավունքների խախտումներից խուսափելու համար միջնորդում եմ մեկ վարույթում միացնել երեք գործերը»,-ասաց Ալումյանը:

Դատարանն ընդմիջում հայտարարեց բացակա պաշտպանների հետ կապ հաստատելու համար, որովհետև նիստին ներկա էին միայն պաշտպան Հայկ Ալումյանը, Երվանդ Վարոսյանը, Շուշեղ Շուշանյանը, Հրանտ Գևորգյանը և Արմինե Ֆանյանը:


Ընդմիջումից հետո դատարանը հայտարարեց, որ բացակա պաշտպանների հետ կապ հաստատել չի հաջողվել, ուստի նիստը հետաձգվում է, իսկ պաշտպանների բացակայության հարցին դատարանը կանդրադառնա հաջորդ նիստին:

Հայկ Ալումյանի միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստին՝ պաշտպանների ներկայության պայմաններում: