Պաշտպանական ճառում հակափաստարկներ կներկայացնենք. Սամվել Բաբայանի պաշտպան

15:03 • 13.11.17

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրող Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով, ինչից հետո պաշտպանական կողմն ասաց, որ պաշտպանական ճառով հանդես կգա հաջորդ դատական նիստին:

Նիստի ավարտից հետո Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն ասաց, որ պաշտպանական ճառում հանդես կգա հակափաստարկներով:

«Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, պաշտպանական ճառում մենք հանդես կգանք հակափաստարկներով»,-ասաց Քալաշյանը:

Հարցին, թե մեղադրող դատախազն արձանագրեց, որ պաշտպանական կողմը երբևէ չի վիճարկել, թե իրեղեն ապացույց ճանաչված «Իգլա»-ի խողովակը ռազմամթերք է, թե ոչ, իսկ փորձագիտական եզրակացությամբ այն ռազմամթերք է, Քալաշյանն ասաց, որ իրենց պաշտպանական տակտիկան այդ մասով չի կառուցվել:

«Պաշտպանական կողմն իր պաշտպանությունում իրեղեն ապացույց ճանաչվածը ռազմամթերք լինել կամ չլինելը վիճարկելու վրա չի կառուցել, նման տակտիկա չի կառուցել: Պարզապես ընթացքում, հիմա էլ Սամվել Բաբայանը համոզված է, որ խողովակը ռազմամթերք չէ: Պաշտպանական կողմը դրա վրա չի խարսխվել»,-ասաց Քալաշյանը:

Նշենք, որ դատախազն ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջեց 4 տարի ազատազրկում «Իգլա»-ի ձեռքբերման համար, 4 տարի` փողերի լվացման համար և միջնորդեց վերջնական 7 տարվա ազատազրկման դատապարտել Սամվել Բաբայանին։ Բաբայանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՔ-ի 190-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ:

Սանասար Բաղդասարյանի համար դատախազը պահանջեց 4 տարվա ազատազրկում: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ:

Դավիթ Հարությունյանին միջնորդեց դատապարտել՝ 2 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ:

Դատախազը միջնորդեց Անդրանիկ Քոչարյանին և Ժորա Զաքարյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման, սակայն պահանջեց այն պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 3 տարվա փորձաշրջան։ Ժորա Զաքարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ:

Դատախազը Կարեն Քոչարյանին ու Արմեն Պողոսյանին պահանջեց դատապարտել 3 տարվա ազատազրկման:

Կարեն Քոչարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, իսկ Արմեն Պողոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ: