Իրանում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 211-ի (լուսանկարներ, տեսանյութ)
Նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի և Իրաքի սահմանին տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 211-ի, մինչդեռ տուժածների թիվը հասնում է մի քանի հազարի:
Ինչպես հայտնում է Press TV-ն, բնական աղետից հետո ստեղծված ճգնաժամային կենտրոնից հաղորդել են, որ առավել մեծ թվով զոհեր ու ավերածություններ են գրանցվել արևմտյան Իլամ և Քերմանշախ նահանգներում:
Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:
Կարմիր մահիկի տեղի մասնաճյուղն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ, աղետի վայր են ուղարկվել փրկարարների հավելյալ ստորաբաժանումներ, տուժած գոտիներում ստեղծվել են դաշտային հոսպիտալներ՝ մարդկանց անհրաժեշտ մթերքով, տաք իրերով ու վառելիքով ապահովելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրաշարժի հետևանքով որևէ ռազմավարական օբյեկտ՝ այդ թվում նաև նավթագազային ենթակառուցվածքը չի տուժել, օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով:
Հայտնի է, որ տեղի բնակիչները, վախենալով ստորգետնյա ցնցումների կրկնվելու հավանականությունից, լքել են իրենց տներն ու գիշերել փողոցներում:
Նշվում է, որ երկրաշարժին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է 12 հետցնցում՝ 3.6-4.7 մագնիտուդ ուժգնությամբ:
















