Ֆիլիպիններում ցուցարարները այրել են Թրամփի խրտվիլակը (տեսանյութ)

09:49 • 13.11.17

Ֆիլիպիններում ցուցարարներն այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսքով խրտվիլակը՝ ի նշան Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքի, հայտնում է РИА Новости գործակալությունը: 

Նշենք, որ Թրամփը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա է ժամանել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին մասնակցության շրջանակներում:

Ցուցարարները նախ ցանկացել են բողոքի ակցիան իրականացնել Միջազգային կոնֆերանս-կենտրոնի մոտ, որտեղ իրականացվում են գագաթնաժողովի գլխավոր միջոցառումները, սակայն կանգնեցվել են ոստիկանության կողմից:

Ակցիայի մասնակիցները վանկարկել են «ԱՄՆ՝ իմպերիալիստնե՛ր» և «Կա՛նգ առ, ամերիկյան պատերազմական մեքենա՛»: Խրտվիլակի ձեռքում եղել է փողով լի պայուսակ, ատրճանակ, բուլդոզեր և միջուկային հրթիռ: Հակաամերիկյան կոչերից հետո ցուցարարներն այրել են խրտվիլակը:

Որոշ աղբյուրներ պնդում են, որ ակցիային մասնակցել է շուրջ 3.000 ցուցարար, սակայն հստակ տվյալներ չկան: Ոստիկանության հետ բախումների կամ տուժածների մասին նույնպես տեղեկություններ չեն հաղորդվում: