Վերջին տվյալներով`ՀՀ բնակչության 65 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը, իսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմնակիցների թիվը պակասել է. Ա. Ադիբեկյան
Սոցիալական հարցումների վերջին տվյալներով՝ Հայաստանում բնակչության 65 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը, 20 տոկոսը՝ Եվրամիության և ԱՄՆ-ի, 2-ական տոկոսը՝ Իրանի և Չինաստանի, և 11 տոկոսը կարծիք չունի համագործակցության մասով, որովհետև իրեց իրազեկ չի զգում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Նրա տեղեկացմամբ՝ «Սոցիոմետրը» Հայաստանի արտաքին կողմնորոշման վերաբերյալ 1992 թվականից ի վեր հարցումներ է իրականացրել, և, ըստ դրա, 1992 թ. Հայաստանի բնակիչների մոտ 60 տոկոսը կողմ է եղել Ռուսաստանի հետ սերտ համագործակցությանը, իսկ մնացած 25 տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցության կողմնակիցների թիվը մշտապես տատանվել է 60-70 տոկոսի միջակայքում:
Փոխարենը, ըստ նրա, վերջին տարիներին հանրային տրամադրությունները փոխվել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու հետ կապված:
«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմնակիցների թիվը նվազել է: Մենք հարցումներ ենք անցկացրել և 2012 թ., և 2016 թ. Ընտրություններին ընդառաջ: 2012 թ.-ին ԵՄ-ին կողմ է եղել բնակչության 17 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին՝ 6 տոկոսը, բայց արդեն 2016-ին նրանց կողմնակիցների թիվը եղել է 20 տոկոս: Զարմանալի չէր, որ վերջին համապետական ընտրություններին ԵՄ կողմնակիցները դառը պարտություն կրեցին, որովհետև նրանց թիվը փոքր էր»,- հայտնեց նա:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ արտաքին կողմնորոշման հարցում մեծ դեր է խաղում տնտեսական համագործակցությունը: Օրինակ` Ռուսաստանը ՀՀ-ում 10 մլրդ դոլարի անմիջական ներդրումներ է կատարել, իսկ եվրոպական երկրները՝ 5 մլրդ դոլարի, ԱՄՆ–ը՝ կես մլրդ–ի: Ադիբեկյանը նշում է նաև, որ վերջին տարվա կտրվածքով Հայաստանը ամենամեծ առևտրաշրջանառությունն ուներ ՌԴ-ի հետ՝ մոտ 4.5 մլրդ դոլարի, իսկ Եվրոպայի հետ նույն ցուցանիշը կազմում էր 1 մլրդ 300 մլն դոլար:
«1.3 մլրդը բավականին համեստ ցուցանիշ է ՌԴ-ի համեմատ: Հիմա այս թվերը, որ ասում եմ, իրենք ասում են` դու ռուսամետ ես, ո՛չ, ես հայամետ եմ: Սրա պատճառն այն է, որ հայկական ապրանքներն ավելի հեշտ են արտահանվում Ռուսաստան: Եթե Եվրոպան մեկ ապրանքի համար պահանջում է 25 լիցենզիա, ապա ՌԴ-ում դա կարելի է անել 1 լիցենզիայով»,- ընդգծեց նա:
Սոցիոլոգը Ռուսաստանի կողմնակիցների մեծ տոկոսը պայմանավորում է նաև նրանով, որ հայկական ընտանիքների ամեն 4-րդ անդամը ՌԴ-ում կա՛մ ապրում է, կա՛մ բիզնես է անում և այդ գումարներն ուղարկում Հայաստան:
«Դրա համար Ռուսաստանի նկատմամբ հանրային կարծիքը բոլոր դեպքերում բավականին դրական է: Նույնիսկ հացթուխը և վարսավիրը գիտեն, որ իր գրպանի գումարը եկել է Ռուսաստանից»,- ասաց սոցիոլոգը:
Նրա կարծիքով՝ համագործակցելով ՌԴ-ի հետ` Հայաստանը մնում է տեխնոլոգիապես հետամնաց երկիր. այս առումով ԵՄ-ին միանալն ավելի արդյունավետ կլինի, բայց Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար մտահոգվողները քիչ տոկոս են կազմում: Եվրոպամետ է մտավորականության, հատկապես գիտնականների մեծ մասը: Համեմատության մեջ ԵՄ-ին ավելի շատ կողմ են նաև քաղաքաբնակները, քան գյուղաբնակները:










