Վարչապետը բազմիցս անդրադարձել է ստվերի դեմ պայքարին. լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա. վարչապետի խոսնակը՝ «Ծառուկյան» դաշինքի քննադատությունների մասին

17:58 • 14.11.17

Կարծում եմ՝ հենց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին պետք է հարցնեք, թե ինչու են նրանք շեղվել ԱԺ նիստի օրակարգից, ես իրենց փոխարեն չեմ կարող դա ասել: Tert.am-ի հետ  զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Արամ Արարատյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների բարձրացրած աղմուկին, երբ նրանք վարչապետի, կառավարության և ՊԵԿ-ի գործունեությունն են մեջբերել:

«Ես իրականում ծանոթ չեմ պատգամավորների ելույթներին, բայց ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ապա այն շատ բաց է: Վարչապետը բազմիցս անդրադարձել է ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարին: Այնպես որ, չեմ կարծում, որ այստեղ լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»,- նշեց վարչապետի խոսնակը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից էլ ի պատասխան կոմիտեի հասցեին հնչեցված մեղադրանքների` տեղեկացրին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, բոլոր տնտեսվարողների նկատմամբ իրականացնում է համապատասխան ընթացակարգեր»:

Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ԱԺ նիստի մեկնարկին այսօր աղմուկ բարձրացրեցին՝ մեջբերելով վարչապետին: Վարման կարգով հերթագրվեցին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ: ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ մի քանի հազար ստորագրություններով տարբեր տոնավաճառների աշխատակիցներ դիմել են իրենց՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին.

«ՊԵԿ-ն իրենց ստուգումների անվան տակ տեռորի է ենթարկում: Տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, ստիպում բացել տոպրակները` այն դեպքում, երբ այդ մարդիկ սոցիալական բնույթի գործունեությամբ են զբաղված»,-ասաց նա և նշեց, որ եթե ցանկանում են իսկապես ստուգումներ անցկացնել, իրենք կարող են այդ տեղերը ցույց տալ և մատնացույց արեց «գազամատակարարման և գազաբաշխման ոլորտը»:

Վարման կարգով խոսեց նաև խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե այն, ինչ կատարվում է մանր ու միջին ձեռներեցների նկատմամբ, ուղղակի տեռոր է, որ մարդիկ մեկ կտոր հացից զրկվեն: «Բյուջե եք ուզում լցնել, էնա՝ գազի մոնոպոլիան, գնացեք այնտեղ: Կառավարությունը, որ տապալել է իր ողջ գործունեությունը։ Գնացեք  Մոնումենտի դղյակներ, այնտեղ չարաշահում պարզեք, ոչ թե փոքր ձեռներեցների պայուսակները մտնեք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ նիստի օրակարգից շեղվեցին և տոնավաճառների առևտրականների մասին խոսեցին նաև «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ուրիխանյան, Իվետա Տոնոյանը, Արարատ Զուրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը: