Մեզ համար տարբերություն չկա, թե 2018թ.-ից հետո ով կբանակցի Ալիևի հետ, Հայաստանի ժողովուրդը ում մանդատը տա, նա էլ կբանակցի. ԼՂ ԱԺ պատգամավոր

19:22 • 14.11.17

 

Արցախում կառավարման համակարգի փոփոխությամբ լուծվեց նախագահի քաղաքական պատասխանատվության բարձրացման հարցը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Հովիկ Ջիվանյանը՝  նշելով, որ նախագահ Բակո Սահակյանն անգամ մասնակցում է պատգամավորների հետ հարց ու պատասխանին: Նա նշեց, որ նոր Սահմանադրությունը չի մնա թղթի վրա՝ հավաստիացնելով, որ կառավարման արդյունավետությունը գնալով կմեծանա, գործադիրի երկփեղկվածությունը կնվազի:

- Երբ Արցախում քննարկումներ էին տարվում կառավարման համակարգը փոխելու վերաբերյալ, խոսվում էր, որ եթե Հայաստանում և Ղարաբաղում տարբեր մոդելներ լինեն, դա կառաջացնի խնդիրներ: Հիմա, երբ Արցախը նախագահական կառավարման մոդել ունի, Հայաստանը՝ խորհրդարանական, Դուք անհաշտություններ չե՞ք նկատում:

- Ոչ: Որևէ խանգարող հանգամանք չեմ տեսնում: Կառավարման մոդելի տարբերությամբ հանդերձ Հայաստանի ու Արցախի օրենսդիր մարմինների աշխատանքը նույնն է: Խնդիրներ չկան:

- Ի դեպ` Արցախի համար խնդիր չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ 2018թ.-ից հետո ԼՂ բանակցություններին մասնակցելու է վարչապետը:

- Ոչ: Մինչև հիմա նախագահն էր հանդիպում, 2018թ.-ից հետո հանդիպելու է Հայաստանի վարչապետը, ի՞նչ տարբերություն: Որևէ խնդիր չեմ տեսնում:

- Իսկ Արցախի համար կարևոր չէ՞, թե ով կլինի բանակցողը:

- Բանակցողը կլինի նա, ում ժողովուրդը համապատասխան մանդատ կտա:

- Արցախում, բացի Սերժ Սարգսյանից, տեսնո՞ւմ են մեկ այլ մարդու, ով կարող է բանակցել Ալիևի հետ:

- Հայաստանի ժողովուրդը, կրկնում եմ, ում մանդատը տա, նա էլ կբանակցի: Մեզ համար տարբերություն չկա: Մենք համոզված ենք, որ ով էլ լինի բանակցողը, Հայաստանի ժողովուրդը ում էլ ընտրի, նա կլինի այնպիսի մարդ, ով կպահի մեր ժողովրդի, մեր երկրի շահը:

- Նայելով նոր կառավարության կազմին, շատերի կարծիքով, վերահաստատվեց այն թեզը, որ սահմանադրական փոփոխությունները արվում էին իշխանության վերարտադրության համար:

- Կառավարության կազմում փոփոխություններ են արվել, դա վերարտադրությո՞ւն է: Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական ընտրություններ չեն եղել, այլ կուսակցություններից մարդիկ չէին կարող նշանակվել, զարմանալի կլիներ, որ այլ ուժերի մարդիկ լինեին: Խորհրդարանական ընտրություններ չեն եղել և շատ բանական է, որ կառավարության կազմը պետք է ներկայացված լիներ նույն կուսակցություններից:

- Նկատի ունեք, որ Սահմանադրությունը չփոխվե՞ց իշխանության վերարտադրության համար:

- Իհարկե ոչ: Կառավարման մոդելի փոփոխության շուրջ քննարկումները Արցախում շատ վաղուց էին արվում: Մենք հիմնականում հետապնդում էինք կառավարման արդյունավետության բարձրացման նպատակ: Հիմնական խնդիրը, որը մենք ուզում էինք լուծել, գործադիր մարմնի երկփեղկվածությունը հանելն էր: Այդ ուղղությամբ էլ գնացինք: Ես հասկանում եմ, դուք ինչ նկատի ունեք, որ նախագահը մնացել է նույն պաշտոնում: Մենք ստիպված պետք է լինեինք խորհրդարանը ցրել, որը 2 տարվա էր, ինչը շատ հարցեր կառաջացներ, դրա համար միջանկյալ ժամկետի ներդրման լուծումը ներմուծվեց, անցումային փուլ, որպեսզի օրենսդրական դաշտը համապատասխանեցնենք նոր Սահմանադրությունը: Խորհրդարանական ու նախագահական ընտրությունները նոր Սահմանադրությամբ միաժամանակյա են լինելու ու մինչ այդ կնախապատրաստենք օրենսդրական դաշտը, անցում կկատարենք նոր մեխանիզմին:

- Հիմնական նպատակը, ինչպես ասացիք, կառավարման արդյունավետության բարձրացումն էր: Հաջողվե՞ց հասնել դրան:

-  Նայած, ով ինչպես է հասկանում հաջողությունը: Ես կարծում եմ, որ մենք հաջողել ենք, որովհետև գործադիր իշխանության երկփեղկվածությունը վերացրել ենք: Նախագահը, որը ուներ իշխանություն, լիազորություններ, քաղաքական պատասխանատվություն չուներ, հիմա, նախագահն ունի քաղաքական պատասխանատվություն, որովհետև նա նաև կառավարության ղեկավարն է: Նախագահը, նոր Սահմանադրությամբ, կարող է Ազգային ժողովի կողմից անվստահության ենթարկվել: Սա արդյո՞ք կապ չունի կառավարման արդյունավետության բարձրացման հետ: Սա պատասխանատվության կոնկրետ բարձրացում է:

- Արդյոք սա չի՞ մնա թղթի վրա, ինչպես նախորդ Սահմանադրությունները:

- Արդեն իսկ նախագահը գալիս է խորհրդարան, անձամբ մասնակցում է պատգամավորների հետ հարց ու պատասխանին: Այնպես որ, ես չեմ կարծում, որ դա կմնա թղթի վրա: Վստահ եմ, որ քաղաքական պատասխանատվությունը բարձրանալու է:

- Դուք նոր Սահմանադրության դրական ու կառավարման արդյունավետության բարձրացման տարրերի մեկը նշում եք նախագահին խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելու հնարավորությունը, այն դեպքում, երբ Արցախի խորհրդարանում չկան այդքան ձայներ, ընդդիմադիր այդքան ներկայացուցիչներ, որոնք այդ քայլին կգնան:

- Ի՞նչ եք առաջարկում՝ մե՞նք ընդդիմություն դառնանք: Ընդդիմություն կա, իրենք իրենց ընդդիմություն են հայտարարել, դա իրենց խնդիրն է, ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել: