Հացադուլ հայտարարած ուսանողի ինքնազգացողությունը վատացել է,նրա ճնշումը եղել է 140/70
Հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի՝ Լևոնի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնություն։
Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պարզ չէ, թե որն է եղել ուսանողի ինքնազգացողության վատացման պատճառը.«Ենթադրվում է, հավանաբար հաց չի կերել։ Տվյալ պահին ուսանողի արյան ճնշումը եղել է 140/70։ Թե ինչն է անհանգստացրել ուսանողին այս պահին, չեմ կարող ասել»։
Նշենք,որ ուսանողի ինքնազգացողության վատացումից հետո հացադուլ հայտարարած ուսանողները հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
««Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը արձանագրում է, որ մեր 5 անդամների կողմից սկսված հացադուլը ցույց է տալիս նրանց վճռականությունը պայքարը հասցնել հաղթական ավարտին։ Կոչ ենք անում խնդրով ինչպես նաև տղաների առողջությամբ մտահոգ բոլոր անձանց միանալ նախաձեռնության երթին դեպի Ազգային Ժողով, որը կմեկնարկի առավոտյան 9:30 Երևանի պետականի համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից։ Հորդորում ենք բոլոր համալսարանների ուսանողներին ինքնակազմակերպվել իրենց բուհերում և երթով շարժվել դեպի Ազգային Ժողով, որտեղ վաղը տեղի է ունենալու օրենքի քվեարկությունը։ Եթե մինչ օրս չես միացել մեր պայքարին, ապա վաղը հենց այդ օրն է ոտքի կանգնել քո և քո ընկերների իրավունքների պաշտպանության համար։
Չուշանալ»։










