Վանոն այլընտրանք չուներ, չէր կարող միայնակ կամ մի քանի համախոհներով պատերազմ հայտարարել այս քաղաքական համակարգին. Վասակ Դարբինյան (տեսանյութ)
Tert.am-ը խմբագիր Վասակ Դարբինյանի հետ զրուցել է հասարակական, գրական գործիչ, ՀՀ անկախության 1-ին տասնամյակում ՀՀ պետական տարբեր առանցքային պաշտոններ զբաղեցրած Վանո Սիրադեղյանի մասին, որի ծննդյան օրն էր երեկ: Նա, խոսելով այս պահին միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի մասին, ասաց, որ իր խորին համոզմամբ՝ Սիրադեղյանին ուղղված մեղադրանքներն անհիմն են եղել: Դարբինյանը նշեց, որ ինքը միշտ է զգում Սիրադեղյանի գրականության, խոսքի ու ներկայության կարիքը: Խմբագիրը շեշտեց՝ Վանո Սիրադեղյանի դեմ օգտագործվել է քարոզչական գործիքակազմ, և հասարակությանը պատշաճ տեղեկատվություն չի տրամադրվել:
- Ժամանակ առ ժամանակ առանձին անհատներ հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով՝ ստորագրահավաքներ և այլն՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի կապակցությամբ: Ձեր գնահատմամբ՝ այսօր Վանո Սիրադեղյանի վերադարձի հասարակական պահանջը կա՞:
- Ոչ միայն այսօր, այլ առհասարակ կա: 17 տարվա բացակայության ընթացքում ես անընդհատ զգացել եմ նրա կարիքը, որ նա լինի ՀՀ-ում և ապրի ՀՀ քաղաքացու կենցաղավարությամբ, շարունակի իր ստեղծագործական կամ քաղաքական գործունեությունը: Գիտենք, հայտնի ուժերի`Վանո Սիրադեղյանի հանդեպ ունեցած վերաբերմունքը, այս պատճառով նրա բացակայությունը ՀՀ-ում իսկապես ցավալի է: Ինչ վերաբերում է հասարակական պահանջին` ասեմ, որ դա ակնհայտ երևում է սոցիալական ցանցերում, երբեմն մարդիկ իրենց ցանկությունն են արտահայտում, բայց սա որպես հասարակական պահանջ, ցավոք, չի ձևավորվում:
- Ինչո՞ւ չի ձևավորվում որպես հասարակական պահանջ, և հատկապես ո՞ր քաղաքական կամ հասարակական իրադարձության ժամանակ եք զգացել Վանո Սիրադեղյան կարիքը:
- Եթե այս չափանիշներով դատենք, ապա մոլորության մեջ կհայտնվենք, որովհետև ես չեմ կարծում, որ եթե Վանոն այստեղ լիներ, ապա ինչ-որ գործընթացների վրա կազդեր կամ երկիրն այլ ուղղությամբ կընթանար և այլն, ես այս պատրանքները չունեմ: Այստեղ էական հանգամանքն այն է, որ հասարակությունը, որին քիչ թե շատ հետաքրքրում է այդ մարդու գոյությունը, պետք է հստակ տեղեկացված լինի, թե ինչ է տեղի ունեցել, ինչու այդ մարդն այսօր ՀՀ-ում չէ: Այս ընթացքում մարդկանց ինֆորմացիա պետք է տրվեր, բայց ամեն ինչ արվում էր, որ խեղաթյուրվեր իրականությունը, լրատվության միջոցների մեծ մասն էլ քարոզչություն էր իրականացնում: Ամենաբարձր մակարդակով քարոզչամիջոցների զենքն օգտագործվում էր մի անհատի դեմ՝ միտված նրան վարկաբեկելուն, բազմաթիվ մեղքեր բարդելուն, ինչպես ինքն ասաց՝ քավության նոխազ դարձնելու բոլոր վատ դեպքերի, սպանությունների համար, որոնք հանցաշխարհի մոլեգնելու հետևանքով ՀՀ-ում տեղի էին ունեցել: Ամենը փորձվեց բարդել մի մարդու վրա, որն, իմ խորին համոզմամբ, առնչություն չի էլ ունեցել: Ասում եմ գրեթե, որովհետև ինքն իշխանության էր և ինչ-որ առումով կարող էր տեղեկացված լինել, բայց ինքը միայնակ չէր կարող լինել արդարություն հաստատող հեքիաթային կերպարը:
- Բոլոր այն կուսակցությունները, որոնք տրոհվեցին ՀՀՇ-ից՝ ՀԱԿ, Ազատ դեմոկրատներ, նոր ՀՀՇ և այլն, միշտ դրական նոտայով են խոսել Վանո Սիրադեղյանի մասին, դրանք այն քաղաքական ուժերն էին, որոնք նաև խորհրդարանական հարթակ են ունեցել: Ինչո՞ւ չեն միավորվել և Վանո Սիրադեղյանի վերադարձի պահանջ ներկայացրել, ինչո՞ւ հենց իրենք այդ հասարակական պահանջը ձևավորողը չեն դարձել:
- Ես այս մասին կարող եմ խոսել ենթադրությունների մակարդակով: Այնուամենայնիվ, միշտ մտածել եմ, որ քաղաքական ուժերը շատ ավելի տեղեկացված են, ավելի շատ ինֆորմացիա ունեն, քան ես կարող էի ունենալ, բայց ինձ համար էլ այս հարցը պատասխան չունի: Ինձ թվում է՝ համընդհանուր վերաբերմունք չկարողացանք ձևավորել, բայց ենթադրությունների մակարդակով չեմ ցանկանում որևէ բան ասել: Ամեն դեպքում, ցավալի է, որ այդ ուժերն իրենց գերխնդիրը չհամարեցին այդ մարդու հանդեպ կատարված անարդարությունը շտկելը:
- Ձեր կարծիքով, միգուցե, նաև տվյալներով, Վանո Սիրադեղյանն ունի՞ հայրենիք վերադառնալու ցանկություն , կամ այսօր նա ո՞ղջ է:
- Ինչպես Դուք, այնպես էլ ես, ցավոք, որևէ տեղեկություն չունեմ, թե որտեղ է ապրում, ինչպես է ապրում նա: Կցանկանայի իմանալ, բայց չհայտնել, սակայն սա այդ դեպքը չէ: Ինչ վերաբերում է նրա վերադառնալու ցանկությանն, ասեմ, որ դա մեր գործը չէ, մեր գործը մեր վերաբերմունքն ու ցանկությունն արտահայտելն է, որը, ցավոք, միայն դեպքից դեպք, ծննդյան օրից ծննդյան օր, նրա գրականությունից կամ հրապարակախոսությունից ինչ-որ հոգեցունց տող հիշելիս ենք անում: Իմ խորին համոզմամբ՝ մեր հասարակությունն այն որակը և առողջությունը չունի, որ նման խնդիրների ժամանակ հանդես գա առողջ դիրքորոշմամբ՝ ձևակերպելով իր մեջ եղած պահանջը: Միաժամանակ, այնպես չէ, որ ամեն ինչ միայն իր ուզելով է:
- Դուք զգո՞ւմ եք Վանո Սիրադեղյանի հրապարակախոսության պահանջը վերջին շրջանում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նա, ինչպես նախկինում, Ավետիս Հարությունյան խորհրդանշանական անուն –ազգանունով հանդես չի գալիս հրապարակախոսական հոդվածներով: Հոգնե՞լ է, թե՞ կան այլ պատճառներ:
- Ավետիս Հարությունյան կեղծանվամբ հանդես գալը մի փուլ էր, ասելիքն ասեց, չեմ կարծում, որ դա մշտապես պետք է ուղեկցեր իրեն, այդ կեղծանունն իր ստվերը չէ: Հիմա ինչո՞ւ չի գրում` նույնպես ինձ համար անհասկանալի է, միգուցե գրում է, բայց չի հրապարակում: Ես ոչ միայն այս պահին եմ զգում նրա հրապարակախոսության, գրականության կարիքը, այլ գրեթե ամեն օր զգում եմ նրա բացակայությունը, բանավոր խոսքի կարիքը: Ժամանակին մենք իսկապես շատ հաճախ էին շփվում, խոսում ու բանավիճում էինք գրական, քաղաքական միջավայրի հարցերի շուրջ: Ամենօրյա այդ քննարկումներն իսկապես շատ օգտակար էին, մեր մեջ իսկապես կար առողջ վերաբերմունք ամեն ինչի հանդեպ: Վանոյի սթափ, դիպուկ խոսքն ինչ-որ ազդեցություն, այնուամենայնիվ, ունենում էր, բայց և այնպես չէ, որ միայն ինքն էր այդ խոսքի կրողը: Այսինքն, եթե ուժեղ անհատի բացակայությունը դու զգում ես, դա նշանակում է, որ ինչ-որ բան պակասում է, նաև քո խոսքը չի գտնում համապատասխան արձագանք ու ընկալում: Ինչ վերաբերում է հասարակական պահանջին, ապա հասարակության վերաբերմունքը Վանոյի հանդեպ հասարակության դեմքն արտացոլող հայելին է: Կրելով քարոզչական աղբի ազդեցությունը, չունենալով առողջ վերաբերմունք` մարդիկ դիրքորոշում են արտահայտում, և այդ հասարակությունը, մեղմ ասած, լուրջ փոփոխությունների կարիք ունի:
- Վանո Սիրադեղյանը ծաղրում էր, իր ձևակերպմամբ, բարոյական հաղթանակների մեռած-չթաղած, ծովից ծով երազող, բայց իրական հայրենիքում չապրող մեր հայրենակիցներին: Այսօր նրա բացարձակ բացակայությունը նաև հրապարակախոսական դաշտից իրեն չի՞ նմանեցնում այն հասարակությանն, ում նախկինում ինքը ծաղրում էր:
- Հիմա այլ ժամանակներ են, հիմա Դոն Կիխոտի ժամանակները չեն, որ մարդ վեր կենա ու կռվի հողմաղացների դեմ: Ինքը շատ սթափ գործիչ, մտավորական է, շատ լավ պատկերացնում է, որ այլընտրանք չուներ, ինքը չէր կարող միայնակ կամ մի քանի համախոհներով պատերազմ հայտարարել այս քաղաքական համակարգին, մարդկանց, որոնց գործունեության շարժիչ ուժն այն էր, թե իրենք ումից են պակաս: Նման մարդկանց հետ առճակատման գնալն ու հաջողության հույս ունենալն այդքան էլ իրատեսական չէ:
-Կարծում եք` Վանո Սիրադեղյանն իր գործընկերների ու համախոհների մեջ կրկին համախոհներ կտեսնե՞ր, թե՞ արդեն իսկ նրանք իրենց գործունեությամբ ցույց են տվել, որ քաղաքական համախոհներ չեն կարող լինել:
- Սա հարց է, որին պատասխանելու դեպքում կստացվի, որ ես ուրիշի փոխարեն եմ պատասխանում: Ինքս երբեք որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չեմ եղել, թեպետ ընկերներ եմ ունեցել: Դժվարանում եմ համընդհանուր ձևակերպմամբ բոլորի վերաբերմունքն արտահայտող բան գտնել, չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել՝ ասելով, թե եթե այսպես իրենց պահեին, ապա այլ կլիներ, ես հավատաքննիչ ու իրենց ուսուցիչը չեմ, յուրաքանչյուրն ինքն է իր ճանապարհը որոշում: Բայց իմ մեջ շատ տպավորվել է Վանոյի խոսքերից մեկը, երբ մենք զրուցում էինք դատավարական գործընթացների ժամանակ, մի անգամ զարմանքը Վանոն այսպես արտահայտեց. «Ոնց որ լավություն անես, գցես ջուրը, բայց ջուրը չընդունի արածդ լավությունը»: Իշխանության մոտ շատ բարեհաջող ստացվեց մարդկանց կարիքի, կախվածության մեջ պահելը, կառավարելի դարձնելը, բնական է, որ սա իր հետևանքն ունեցավ:
Մանրամասները՝ տեսանյութում:










