Կառավարությունը որ իրեն չգովի, ո՞վ պետք է գովի, խոստումնալից ցուցանիշներ են կանխատեսում, որ բարձրացնեն իրենց իմիջը. տնտեսագետ

21:30 • 14.11.17

Պետք չէ գնահատել Ասիական զարգացման բանկի ու Հայաստանի կառավարության ցուցանիշները տնտեսական աճի մասով: Դրանք կարող են հաշվարկված լինել տարբեր եղանակներով: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը:

Նշենք, որ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենչայի Ջանը նշել էր, որ իրենք Հայաստանի համար կանխատեսում են 3.8 տոկոս տնտեսական աճ, այնինչ ՀՀ կառավարությունն ակնկալում է 4,5 տոկոսի տնտեսական աճ:

Բալանյանն ասաց, որ կանխատեսվող ցուցանիշների տարբերությունը կարող է պայմանավորված լինել հաշվարկի մեթոդից՝ կախված նրանից, թե արդյո՞ք հաշվարկվել է օրինակ սղաճը, թե ոչ:  

«Չեմ ուզում ընտրություն կատարել ԱԶԲ-ի և կառավարության կանխատեսումների միջև: Սա ֆուտբոլ չէ, որ գնահատենք, տեսնենք, թե ով է ավելի ուժեղ: Կառավարությունը տվյալ պարագայում ունի մեկ առավելություն, որ իր քաղաքականությունից է կախված՝ արդյունքներ կարձանագրվեն, թե ոչ: Ասիական բանկը պասիվ կողմ է, ոչինչ չի կարող անել, իսկ կառավարությունը կարող է այնպես անել, որ իր ցուցանիշները ճշգրիտ դուրս գան: Իրենք կարող են այնպես անել, քայլեր ձեռնարկել, որ ցուցանիշները մեծանան: Խոստացել են, որ ներդրումներ կլինեն, մի փոքր գումար էլ գա, Հայաստանը փոքր երկիր է, դա տնտեսական աշխուժություն կմտցնի: Սա նույնն է, որ մեկին ասեք, թե հաց չես ուտի, բայց ինքը կվերցնի ու կուտի»,- նշեց տնտեսագետը:

Ըստ Հայկ Բալանյանի՝ բոլոր կառավարություններն էլ իրենց գովում են, իմիջ են ձևավորում, լավատեսորեն են գնահատում իրենց գործունեությունը, իսկ կողմնակի անձինք, կառույցները կամ կազմակերպությունները կաշկանդված չեն այլ գնահատականներ հնչեցնել:

«Կառավարությունը որ իրեն չգովի, ո՞վ պետք է գովի: Ամեն մարդ իր բոստանն է գովում, գովաբանում է իրեն: Ասում են, որ մենք լավն ենք, այ տեսեք, թե ինչեր ենք անելու, ինչ ցուցանիշներ ենք գրանցելու: Այնպես չէ, որ իրենց առջև բարձր նշաձող են դնում, որ հասնեն, ոչ, պարզապես ուզում են ասել, որ լավ կառավարություն ենք, տեսե՛ք, թե ինչ թվեր ենք կրակում»,- ասաց նա:

Հայկ Բալանյանը նկատեց, որ խոստումնալից ցուցանիշները լուծում են վարչապետի PR-ի ու կառավարության հեղինակության բարձրացման հարցերը, ինչը հատուկ է աշխարհի բոլոր կառավարություններին:

Հարցին՝ ի՞նչն է խանգարում կառավարությանը խոստացված ցուցանիշներին հասնել, տնտեսագետը պատասխանեց. «Տասնամյակներով Հայաստանում ձևավորվել է տնտեսական ու քաղաքական համակարգ, որը յուրաքանչյուր զարգացման ծրագրի թշնամին է: Այդ համակարգը թույլ չի տալիս իրական փոփոխություններ անել: Խոսքը միայն Կարեն Կարապետյանի մասին չէ, ցանկացածի մասին է: Քանդել այդ համակարգը շատ դժվար է, բացի այդ, այն քանդելու համար վարչապետը ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ քաղաքական վերնախավի մանդատը չունի»:

Բալանյանն ասաց, որ սկզբունքային, գլոբալ փոփոխություններ կառավարությունը կատարել չի կարող՝ առանց համակարգի ամբողջական ձևափոխման:

«Մտածում են, որ հանգիստ ժամանակ է, կանցնի, կմսխեն, կգնա, հետո ֆինանսական բարդ շրջան կգա, մի բան կանեն, ձեռք ու ոտք կընկնեն: Մինչև այդ պահը հասունանա, հիմա յոլա են տանում, իսկ այդ պահի հասունացումը շատ հեռու չէ, բայց ներկայում այդ պահը չի հասունացել»,- շեշտեց Հայկ Բալանյանը: