3G-ին չի անջատվել, այդքան գումար է տարել. Հ. Նաղդալյանը՝ 1 ամսում 2 մլն դրամի հեռախոսային խոսակցությունների մասին (տեսանյութ)

12:28 • 14.11.17

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մեկնաբանության կարիք չի տեսնում այն հարցում, որ իր ծառայողական հեռախոսով 1 ամսվա խոսակցությունների վճարը 2 մլն դրամ է կազմել։

Հիշեցնեք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ է վճարվել:

«Ի՞նչը մեկնաբանեմ դրա, հեռախոսս փչացած է եղել, 3G-ին չի անջատվել, դրանից է եղել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է փոխհատուցել, Նաղդալյանը նշեց, թե իրեն նման պահանջ չի ներկայացվել։ Նա հերքեց նաև լուրերը, թե ինքը 2 մլն դրամի խոսել է որդու հետ, որն այս պահին գտնվում է Չինաստանում, քանի որ որդու՝ Հրանտ Աբաջյանի հետ, ով Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդն է, WhatsApp-ով է խոսում:

Հարցին՝ մեկ ամիս շարունակ Ձեր հեռախոսը խնդիր է ունեցել, տեղյակ չե՞ք եղել, Նաղդալյանը պատասխանեց. «Մի ամսվա չէ, մի քանի օր 3G-ին չի անջատվել»։

Դիտարկմանը, որ 2 մլն-ը բավական խոշոր գումար է, չի՞ պատրաստվում փոխհատուցել, պատգամավորն արձագանքեց. «Նորից եմ կրկնում՝ սակագնի խնդիր չկա, 3G-ին չի անջատվել, այդքան գումար է տարել»:

ՀեղինակԱնի Օհանյան