Ռուսական RT հեռուստաալիքն ԱՄՆ-ում հայտվել է օտարերկրյա գործակալների ցուցակում
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ռուսական RT America հեռուստաալիքը սպասարկող T&R Productions LLC ընկերությանը դասել է օտարերկրյա գործակալների շարքին, այս մասին հայտնել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Ինչպես նշում է ria.ru-ն, Սիմոնյանը հայտնել է, որ այս իրադարձությունը շատ կբարդացնի իրենց գործունեությունը, քանի որ իրենց հետ աշխատող որևէ լրագրող իրեն ապահով չի զգա նման պայմաններում, կբարդացվի հարցազրույցներ վերցնելու գործընթացը, կառաջանան բազմաթիվ սահմանափակումներ:
Ավելի վաղ Սիմոնյանն ասել էր, որ RT America-ն որպես օտարերկրյա գործակալ է գրանցվել ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջով: Նա ընդգծել է, որ իրենք ստիպված են եղել ընտրություն կատարել նման գրանցման և քրեական գործի միջև:
RT America-ն այսուհետ ստիպված է լինելու ներկայացնել իշխանություններին իրենց հաշվետվությունները, աշխատակիցների հասցեները, տվյալներ պայմանագրերի ու տրվող աշխատավարձերի մասին:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների մասին օրենքը շատ տարբերվում է ռուսականից և չի սահմանափակում նորությունների ազատ հաղորդումը:
Հավելենք, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է ամերիկյան կողմի որոշումը:










