Սոչիի հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մեկ, տուժել 23 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսական Սոչի քաղաքի հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 23 մարդ՝ այդ թվում նաև 2 երեխա, հայտնում է gazeta.ru-ն՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Մարինա Վարդազարյանին հղումով:
«Տուժածների թիվը հասել է 23-ի, նրանցից 2-ը մանկական բաժանմունքում են»,-ասել է Վարդազարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 15 տուժածի և մեկ զոհի մասին: Նշվում է, որ մահացածը 50-ն անց կին էր, որը չի կարողացել փրկվել կաթվածահար վիճակում գտնվելու պատճառով:
Ria.ru-ն հավելում է, որ հրդեհված 5 հարկանի շենքից փրկարարները տարհանել են 50 մարդու:
Հայտնի է, որ կրակն արդեն մարվել է: Ենթադրվում է, որ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել էլեկտրալարերում եղած կարճ միացումը: Չի բացառվում նաև շինությունը միտումնավոր հրկիզելու տարբերակը:













