Այսօրվա դրությամբ մենք մեր թիմում նման քննարկում չունենք. Վահե Էնֆիաջյանը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին (տեսանյութ)
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին Կառավարության կողմից ներկայացրած 2018 թվականի պետական բյուջեն լավատեսություն չի ներշնչում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ իրենց խմբակցության պատգամավորները ոլորտ առ ոլորտ ուսումնասիրել են և ներկայացրել իրենց մոտեցումները: Պատգամավորի խոսքով՝ դեռևս ժամանակ կա բյուջեի նախագծում փոփոխություններ անելու, եթե չարվեն, ապա չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցություն դեմ քվեարկի 2018 թվականին պետական բյուջեի նախագծին:
«Բնականաբար, մեր մոտեցումներն ու սկզբունքներին հակասական տարբերակ հայտնվելու պարագայում, այլ տարբերակ չի մնալու, մեր դիրքորոշումը լինելու է շատ կոշտ: Առհասարակ մինչև քաղաքական դիրքորոշում հայտնելը հստակ մի քանի կարևորագույն խնդիրներ կա, քանի որ 2017-ի մենք խնդիրներ ունենք, իսկ բյուջեն տնտեսական և քաղաքական փաստաթուղթ է, իսկ մենք ուզում են հասկանալ, թե ինչպիսի տնտեսական քաղաքականություն է վարում մեր երկրի կառավարությունը: Մենք մատնանշում ենք մի քանի կարևորագույն խնդիրներ՝ կապված աշխատատեղերի, նոր արտադրամասերի, նոր հնարավորությունների, ներդրումների հետ կապված»,- ասաց նա:
Էնֆիաջյանը շեշտեց, որ 2018 թվականի բյուջեն ցույց է տալիս, որ իրենց կողմից առաջ քաշված խնդիրների հետ կապված, իրականում, դրական տեղաշարժ չի արձանագրվել: Փոխարենը պատգամավորն արձանագրեց, որ սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտում 2018 թվականի բյուջեով անկում է լինելու:
«Այս և այլ մի շարք հիմնախնդիրների հետ կապված մենք ներկայացնելու են բացերն ու խնդիրները, որոնք արդեն պրոբլեմ են դառնում: Գիտեք՝ յուրաքանչյուր տարի բյուջե ներկայացնելով, ասելով, որ հաջորդ տարի ավելի լավ կլինի ու նոր հնարավորություններ կլինեն, այսինքն՝ ամեն տարի ասելով հաջորդ տարի լավ կլինի, խնդիրը դարձնում են լուրջ պրոբլեմ, իսկ պրոբլեմներն այլ լուծում են ստանում»,- ընդգծեց Վահե Էնֆիաջյանը:
Դիտարկմանը, որ մամուլում հրապարակումներ կա, թե կառավարությանը դուր չի եկել «Ծառուկյան» խմբակցության քննադատությունները, նա արձագանքեց.« Մեր համար ում դուրը կգա, ում դուրը չի գա, ընդհանրապես նմանատիպ զգացմունքները կաշկանդող չեն կարող լինել մեր կոշտ քննադատությունների համար: Ավելին՝ ամենաառանցքային հիմնահարցերը մատնանշելու քաղաքականությունն ավելի խորացված կերպով ենք վարելու»:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը խոսեց նաև ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք կոալիցիային հնարավորության մասին: Հարցին, եթե ընդունեն ձեր քաղաքական ուժի կողմից ներկայացված 15 կետերը, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմե՞ք, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց.«Դասական առումով քաղաքականության մեջ զարգացումներն արագացնելը, վաղաժամ գնահատականներ տալը, վերլուծություններ անելն անշնորհակալ մոտեցում է: Ես հակված եմ խոսել այսօրվա կարևորագույն իրադարձությունների մասին, այսօր քննարկվում է ՀՀ տնտեսական ու քաղաքական կարևորագույն փաստաթուղթը՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը, և սրա հետ կապված մենք մեր մոտեցումները ներկայացնում են: Հետագա զարգացումների հետ կապված, բնականաբար, հետագայում, ճիշտ ժամանակին մենք հանդես կգանք մեր քաղաքական և պաշտոնական դիրքորոշումով»:
Հարցին՝ կոալիցիայի նախադրյալ ներկայումս կա՞, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց.«Այսօրվա դրությամբ մենք մեր թիմում նման քննարկում չունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










