Հայկ Ալումյանը միջնորդեց ՊՊԾ գնդի 3 գործերը միացնել մեկ վարույթում. պաշտպանները միացան միջնորդությանը, դատախազն առարկեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով գործը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Գործով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:
Այսօրվա նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց 3 անջատ մասերն իրար միացնելու և մեկ վարույթում քննելու միջնորդություն՝ հիմնավորելով, որ գործի մեկ վարույթում քննելը բխում է արդար դատաքննության շահերից:
«Միջնորդությունս վերաբերում է գործերը մեկ վարույթում միացնելուն: Ձեր վարույթում է գտնվում ՊՊԾ-ի մեկ գործ, մի մասը գտնվում է Արթուր Օհանյանի վարույթում, մյուսը՝ Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Նշված 3 քրգործերը վերաբերում են նույն ենթադրյալ դեպքին, ամբաստանյաներին մեղսագվում են ՊՊԾ տարածքը գրավելու և այդ տարածքում մինչև հուլիսի 31-ն իրականացված գործողություններ: Նույն գործով անցնող վկաներից յուրաքանչյուրը պետք է հարցաքննվի առնվազն երեք անգամ: Ավելին, ամբաստանյալներից յուրաքանչյուրը, բացի այն գործից, որը քննվում է իր վերաբերյալ, պետք է ցուցմունք տա նաև մյուս գործերով»,-ասաց Ալումյանը:
Նրա խոսքով՝ էլ ավելի ակնհայտ խախտումներ անխուսափելիորեն տեղի են ունենալու դատավճիռներ կայացնելու փուլում: Ավելին, փաստաբանի խոսքով՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ անունից հաստատված է համարելու որոշակի հանգամանքներ, բացի այդ՝ գնահատականներ է տալու գործի որոշակի ապացույցներին և այլն»,-ասաց Ալումյանը:
Փաստաբանը նկատեց, որ այն գործերով, որոնք այդ պահին ավարտված չեն լինելու, երբ այդ նույն հանգամանքներն ու ապացույցները, որոնք տվյալ գործով դեռևս վիճարկվում են, արդեն ՀՀ անունից գնահատվել են որոշակի ձևով:
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը՝ հավելելով, որ միջնորդության բավարարումը բխում է արդար դատաքննության շահերից:
Դատախազն առարկեց՝ ասելով, որ միջնորդությունն անհիմն է:










