Գերմանիայում դպրոցականների ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ (լուսանկարներ)

20:53 • 15.11.17

Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով տուժել են երեխաներ և ավտոբուսի վարորդը: Այս մասին հայտնում է Bild-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:30-ին՝ Էլսֆլետ քաղաքի մոտակայքում: Ավտոբուսը 40 երեխա էր տեղափոխում դպրոց, երբ բախվեց մարդատար ավտոմեքենային:

Նշվում է, որ փրկարարները և ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր: Մարդատար ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է փոխադրամիջոցի ներսում, և նրան օգնել են փրկարարները: ՃՏՊ-ի հետևանքով ավտոբուսի վարորդը ծանր վնասվածքներ է ստացել:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ 17 երեխա վնասվածքներ է ստացել, մեծամասնությունը՝ թեթև վնասվածքներ. բոլորը հոսպիտալացվել են: Երեխաները, որոնք չեն տուժել վթարի հետևանքով, հասցվել են Բրակե քաղաք, որտեղ նրանց դիմավորել է ուսուցիչն ու ևս մեկ անգամ զննել է բժիշկը: