«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը մեկնաբանել են ԻՊ ահաբեկիչներին Ռաքքայից դուրս գալու թույլատվություն տալու մասին լուրը
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը հայտարարություն է տարածել բրիտանական BBC հեռուստաընկերության տարարծած տեղեկության վերաբերյալ, ըստ որի` խմբավորման վերահսկողության տակ ու անմիջական նախաձեռնությամբ Ռաքքայի ազատագրումից հետո քաղաքից դուրս են բերվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարյուրավոր զինյալներ ու նրանց ընտանիքի անդամները:
Խմբավորումը հաստատել է, որ ԻՊ-ականները դուրս են եկել Ռաքքայից իրենց անմիջական համաձայնությամբ՝ բացատրելով դա ստեղծված հարկադրյալ հանգամանքներով:
Ինչպես նշում է demokrathaber.org կայքը, «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը նշել են, որ Ռաքքայի ազատագրման ընթացքում գերության մեջ է պահել ու որպես կենդանի վահան օգտագործել 850 քաղաքացիական անձ, որոնց փրկելու համար իրենք ստիպված էին համաձայնել դուրս թողնել ԻՊ-ականներին քաղաքից:
Տարածված հայտարարության մեջ նաև ասվում է, որ մոտ 200 վիրավոր ԻՊ զինյալների ու խմբավորման միջև բանակցություններում համաձայնության հասնելու հարցում իրենց օգնել են տեղի արաբական ցեղախմբերի առաջնորդները:
«Մեր գլխավոր նպատակը մեր ժողովրդին պաշտպանելն էր և հանուն դրա մենք թույլ ենք տվել մոտ 200 ԻՊ-ականի՝ Ռաքքայից դուրս գալ», - ասվում է հայտարարության մեջ:
Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2013 թվականից ի վեր, քաղաքը համարվում էր ահաբեկիչների «մայրաքաղաքը»: Հոկտեմբերի վերջին Ռաքքան ազատագրվել է ԻՊ գրոհայիններից «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից:










