ՌԴ պետդուման ընդունել է ԶԼՄ-ների համար օտարերկրյա գործակալի կարգավիճակ սահմանելու վերաբերյալ օրենքը

14:46 • 15.11.17

Ռուսաստանի պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, համաձայն որի օտարերկրյա ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ները կարող են Ռուսաստանում ճանաչվել «օտարերկրյա գործակալ», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Օրենքը պետք է հաստատի Դաշնային խորհուրդը:


Ընդունված օրենքը նաև սահմանում է դատարանից դուրս անցանկալի կազմակերպությունների կայքերը արգելափակելու ընթացակարգը:


Նշվում է, որ ԶԼՄ-ների օտարերկրյա գործակալի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը դարձել է ԱՄՆ-ում ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների, մասնավորապես RT American-ն օտարերկրյա գործակալ ճանաչելու քայլի պատասխան:


Օրենքի համաձայն՝ որոշումը, թե որ ԶԼՄ-ները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, կայացնելու է ՌԴ արդարադատության նախարարությունը:


Օտարերկրյա գործակալի կարգավիճակ ստացած ԶԼՄ-ներից պահանջվելու է նշագրել իրենց տեղեկատվական նյութերը որպես «օտարերկրյա գործակալի» կողմից տարածվող արտադրանք և ներկայացնել հաշվետվություններ:


Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ռուսական RT America հեռուստաալիքը սպասարկող T&R Productions LLC ընկերությանը դասել է օտարերկրյա գործակալների շարքին:


RT America-ն այսուհետ  ստիպված է լինելու ներկայացնել իշխանություններին իրենց հաշվետվությունները, աշխատակիցների հասցեները, տվյալներ պայմանագրերի ու տրվող աշխատավարձերի մասին:


Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների մասին օրենքը շատ տարբերվում է ռուսականից և չի սահմանափակում նորությունների ազատ հաղորդումը: