Արցախում երկրաշարժի հետևանքով ավերածություններ չկան, մի քանի բնակելի տների պատեր են ճաքել. Գառնիկ Ալեքսանյան
Նոյեմբերի 16-ին ժամը 01:00-ին Ստեփանակերտ քաղաքի ԱԻՆ բաժնի պետ - ԲՏՊ բաժանմունքի պետից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Սախարովի 1 հասցեում Է. Պ.-ին պատկանող բնակելի տան պատը վնասվել է տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Tert.am-ի հետ զրույցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Գառնիկ Ալեքսանյանը հաղորդեց, որ այլ լուրջ վնասներ Արցախում չեն եղել :
«Վնասներ, ավերածություններ չկան,պարզապես հանրապետության որոշակի տարածքներում բնակելի շենքերի տների ներսում կան թեթևակի ճաքեր, որ հնարավոր է նաև վաղուց են եղել, ուղղակի ցնցումները նպաստել են դրանց»:
Ալեքսանյանը նաև հաղորդեց, որ դիտարկումները շարունակվում են. հանրապետության բոլոր շրջաններից համապատասխան ստորաբաժանումները դեռ զեկուցում են՝ ինչ է եղել: Իսկ Tert.am-ի հարցին, թե հատկապես Արցախի որ շրջաններում է ամենից ուժգինը զգացվել երկրաշարժը, նա պատասխանեց.
«Դե, հաշվի առնելով, որ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ հեռավորության վրա է գրանցվել երկրաշարժը, այդ տարածքին ավելի մոտ բնակավայրերում է զգացվել, բայց, ընդհանուր առմամբ, Արցախի հանրապետության բոլոր շրջաններում էլ զգացվել է :
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ժամը 00:30-ին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկություն է ստացվել ,որ սույն թվականի նոյեմբերի 15-ին տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով՝19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:










