Դատական չեզոքության սկզբունքը բացակայում է. դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց, որը մերժվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործով նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
Դատական նիստի ընթացքում պաշտպան Գրիշա Բալասանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Հրապարակ»-ին տված հարցազրույցի համար, որում դատավորը դիրքորոշում է հայտնում դատավարության կողմերի վերաբերյալ:
Հարցազրույցում Արտուշ Գաբրիելյանը խոսում է փաստաբանների, նիստերը հետաձգվելու, դատական կարգադրիչների գործողությունների, զննություն-խուզարկություն վեճի և այլնի մասին:
Միջնորդությունը ներկայացնելիս Գրիշա Բալասանյանն ասաց, որ հարցազրույցում դատավորն ասել է. «Եթե ուզում եք իմանաք, իմացեք, մեղավորը, որ նիստերը չեն ընթացել, փաստաբաններն են, որ չեն ներկայացել դատական նիստին։ Կամ էլ հայտարարում են, որ այդ անձնավորությանը չեք թողնում գա, մենք լքում ենք դատական նիստերի դահլիճը, վեր էին կենում, գնում էին։ Ես էլ սանկցիաներ էի կիրառում։ Խնդրում եմ՝ հիշեք, որ այդ 4 ամիսը, եթե դատական նիստը չի եղել, չի եղել այն պատճառով, որ դատական նիստին չեն ներկայացել պաշտպանները, ներկայացած պաշտպաններն էլ լքել են դատական նիստերի դահլիճը»:
Միջնորդության մեջ պաշտպանը նշել էր, որ դատավորի ասածը բացասական վերաբերմունք է արտահայտում պաշտպանների վերաբերյալ:
Ըստ պաշտպանների՝ դատավորի մոտ բացակայում է դատական չեզոքության սկզբունքը, և դատավորը չի կարող արդարացի որոշում կայացնել և ինքնաբացարկ պետք է հայտնի։
«Դուք, դատավոր լինելով հանդերձ, Ձեզ զրկել եք հարցազրույց տալու իրավունքից: Հնարավոր է՝ գայթակղությունը շատ է, փաստաբաններն ազատ են, հարցազրույց են տալիս, Դուք ուզում եք պատասխանել, բայց Դուք դատավոր եք և զրկված եք այդ իրավունքից»,-ասաց Գրիշա Բալասանյանը:
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը:
Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանն առարկեց միջնորդության դեմ և ասաց, որ դատավորի հարցազրույցում կողմնակալության մասին տվյալներ չկան:
Դատավոր Գաբրիելյանն ասաց, որ ինքը հարցազրույցում նորություն չի ասել, ասել է այն, ինչ ասում է դատական նիստերի ընթացքում. «Ես ասել եմ, որն է պատճառը որ 4 ամիս է՝ նիստեր չենք անում: Պատճառն այն է, որ ուղղակի իրար գլուխ չենք հավաքվել»:
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալուց հետո հայտնեց միջնորդությունը մերժելու մասին:










