Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի 2 զինծառայողի են փնտրում, ռազմաբազայից լուրը չեն մեկնաբանում

14:13 • 16.11.17

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հավանաբար երկու պայմանագրային զինծառայող է անհետացել, որովհետև Գյումրիում նրանց լուսանկարները ձեռքներին աշխատակիցները փնտրում են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Նրանք անհետացել են մի քանի օր առաջ, և ես շատ զարմացած եմ, որ մեր լրատվամիջոցները նոր են այդ մասին տեղեկանում: Ես այդ մասին գիտեի 2 օր առաջ, որովհետև ռուս զինվորականները նրանք նկարները ձեռքներին ման են գալիս քաղաքի օբյեկտներում, ռեստորաններում, զվարճանքների վայրերում, գիշերային ակումբերում, որտեղ իրենց ժամանակը սիրում են անցկացնել ռուս զինծառայողները»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Նա ասաց, որ իր տեղեկություններով՝ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են:

Tert.am-ի հետ զրույցում 102-րդ ռազմաբազայի մամուլի քարտուղար Անդրեյ Դոբրովն ասաց, որ տեղեկատվություն չունի այդ մասին, ինքը արձակուրդում է գտնվում ու հորդորեց զանգել ռազմաբազա: Իսկ այդտեղից աշխատակիցը Tert.am-ին ասաց, որ ինքը պատասխանել չի կարող, մնացածը ընդմիջման են:
 
Գագիկ Համբարյանն ասաց, որ տեղի ունեցածը 102-րդ ռազմաբազայի ձեռագիրն է, աշխատանքային ոճը՝ թաքցնել եղելությունը հայաստանյան իրավապահներից: Քաղաքագետը հիշեցրեց, որ մի անգամ նման դեպք եղավ ու մենք ականատես եղանք, ռազմաբազան Պերմյակովի անհետացման տեղեկությունը հայկական կողմին տրամադրեց 6-7 ժամ ուշացումով, իսկ արդյունքում նա սպանեց Գյումրիի ընտանիքներից մեկին:

 

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի 2 զինծառայողի են փնտրում, ռազմաբազայից լուրը չեն մեկնաբանում